Կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 13-ին կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որտեղ անդրադարձ է կատարվելու ՀՀ քաղաքացիների կողմից արտոնագրի ստացման ընթացքում առաջացող մի շարք խնդիրներին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նիստի ժամանակ քննարկվելու են Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր, ինչպես նաև քննարկվելու են դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը և անդրադարձ է կատարվելու խնդիրներին:

Նշեմ, որ հայկական կողմը ԵՄ գործընկերներին ուշադրության է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ, որոնք կապված են ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններում մուտքի արտոնագրի ստացման համար գրանցման խելամիտ ժամկետների ամրագրման առաջացող բարդությունների հետ, ինչպես նաև այն անհիմն մերժումների քանակի հետ, որոնք կապված են այն անձանց հետ, որոնք բավական հաճախ են շրջագայում ԵՄ անդամ պետություններում` ուսանողներ, գիտնականները, լրագրողներ և այլոք»,- ընդգծել է Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ  Հայաստանը ԵՄ-ի հետ համագործությունում կարևորում է մարդկանց միջև շփումների խրախուսումը և ԱԳՆ-ն մշտապես հանձնառու ենք լինելու այս հարցին: