ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-17-ը պաշտոնական այցով լինելու է Լիտվայում, իսկ սեպտեմբերի 17-ին Լատվիայում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Լատվիայում նախարարը հանդիպումներ է ունենալու վարչապետի, արտաքին գործերի նախարարի, Սեյմի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սեպտեմբերի 17-ին մեկնարկելու է այցը Լատվիա, որի շրջանակներում նախարարը կհանդիպի Լատվիայի նախագահի, Սեյմի նախագահի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների հետ»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ սեպտեմբերի վերջին մեկնարկելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթնաժողովը, որը ԱԳՆ-ի համար լինելու է ամենածանրաբեռնվածը:

« Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար, բնականաբար, մեկնելու է նաև Զոհրաբ Մնացականյանը: Լինելու է բավական հագեցած օրակարգ: Նախատեսված են հանդիպումներ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով: Նախարարը մասնակցելու է մի շարք միջոցառումների, մասնավորապես`ելույթով հանդես կգա ՄԱԿ անվտանգության խորհրդի «Անվտանգության և խաղաղության պահպանման ուղղված ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցություն» խորագրով բաց քննարկմանը: Այնտեղ կայանալու է նաև ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպում: Մնացականյանը մասնակցելու է նաև հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Տեղի են ունենալու նաև մի շարք այլ հանդիպումներ, որոնց մասին կտեղեկացնենք... Դրանք դեռ մշակման փուլում են»,- եզրափակեց Նաղդալյանը: