Մեր կառավարության անդամները իրենց պահում են որպես գաղութի ներկայացուցիչներ․ գրառում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

«Լիդիանի» հետ պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար կան բազմաթիվ ծանրակշիռ հիմքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քիմիական գիտությունների դոկտոր Գագիկ Մելիքյանը։

Գրառումը՝ ստորև․

«Վարչապետի կողմից արված այն փաստարկը, որ «Լիդիան»-ին պետք է թույլատրել սկսել աշխատանքները, եւ խախտումներ բացահայտելու դեպքում կարճ ժամանակում փակել հանքը, հնչում է չափազանց նայիվ։ Աշխատող հանքի փակումը շատ ավելի դժվար է, քան երբ այն գտնվում է շինարարության փուլում: Հանքավայրը փակելու համար տարիներ կպահանջվեն, մինչդեռ ներգրավված ընկերությունը կշարունակի աղտոտել շրջակա միջավայրը։

Որպես հայ շատ անհարմար եմ զգում տեսնելով թե որքան թույլ և ոչ պրոֆեսիոնալ են իրենց դրսեւորում մեր կառավարության անդամները այս հարցում։ Եթե մենք, լինելով անկախ պետություն, այսքան սարսափահար ենք եղած ինչ-որ անհայտ ընկերությունից, ապա ինչպես պետք է տիրապետեինք իրավիճակին, եթե մեր դեմ դուրս եկած լիներ Chevron-ի կամ Exxon-ի նման ընկերություն։ Եթե մեր կառավարության անդամները իրենց պահում են որպես գաղութի ներկայացուցիչներ, ապա հարկավոր է սպասել, որ օտարազգի գործարարները կվերաբերեն մեզ, ինչպես մի կիսագրագետ, ոչ կայացած երկրի։ Ի դեպ, հանքարդյունաբերությունը չի կարող մեզ դարձնել ոչ հարուստ, ոչ էլ զարգացած երկիր։ Շատ բնական պաշարներով հարուստ աֆրիկական երկրներ այս թեզը ապացուցող կառկառուն օրինակներ են։

Վարչապետն իր վերջին ոչ հետեւողական որոշումներով արագ կորցնում է ժողովրդի վստահությունը։ Եթե բոլոր ռիսկերը կառավարելի են եւ մի հանքավայր, որը պարունակում է ռադիոակտիվ էլեմենտներ (ուրան, թորիում, ռադոն) և մի շարք թունավոր մետաղներ՝ ներառյալ կապար, կադմիում, մկնդեղ և սնդիկ, կարող է շահագործվել առանց աղտոտելու շրջակա միջավայրը, ապա ես կառաջարկեի, որ նարչապետը, նախագահը, նախարարներ Էրիկ Գրիգորյանը և Արսեն Թորոսյանը, Լիդիանի ներկայացուցիչները և հատկապես պրն. Իվանյանը, մշտապես տեղափոխվեն իրենց ընտանիքներով Գնդեվազ գյուղ եւ իրավունք չունենան վերադառնալ Երեւան մոտակա 10 տարվա ընթացքում։

Բնապահպանության նախարարությունը պետք է լուծարվի, քանի որ այն, ըստ իր գործունեության ոճի, չի ծառայում մեր ազգային նպատակներին։ Հարկավոր է ստեղծել մի նոր պետական մարմին, որը կզբաղվի բնության պաշտպանությամբ պատշաճ ձեւով եւ որում մեր նվիրյալ եւ հայրենասեր բնապահպանները կզբաղեցնեն համապատասխան ադմինիստրատիվ դիրքեր։ Հասկանալի է, որ այս նախարարությունում նոր անձնակազմը պետք է համապատասխանորեն ստուգվի, որպեսզի որեւիցե շահերի բախումներ տեղի չունենան: