ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով․ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով, դրանք կրում են առավել ինստիտուցիոնալ բնույթ»,- անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցով խորհրդականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հեռացման հարցին՝ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով, պաշտոնական Վաշինգտոնի հետ Հայաստանն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, եւ դա շարունակական է:

Աննա Նաղդալյանը նաև անդրադարձավ Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում: «Հայկական կողմն ընդգծում է, որ կա ՀԱՊԿ-ի կանոնադրություն, որում հստակ ամրագրված են ե՛ւ դիտորդի, ե՛ւ գործընկերոջ չափանիշները: Հստակ պետք է արձանագրենք՝ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, եւ կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին»,- ընդգծեց խոսնակը։