Արցախի օմբուդսմենը չհայտարարված այց է կատարել ոստիկանության ՁՊՎ և ռազմական ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

.

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 13-ին չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայր և ՊՆ ռազմական ոստիկանություն:

Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի շրջանակում  Պաշտպանը շրջել է ՁՊՎ որոշ խցերով, ստուգել ձերբակալված անձանց պահման պայմանները և իրավունքների պաշտպանության ընթացակարգերը: Նա զրույցներ է ունեցել ձերբակալված անձանց և ոստիկանության ծառայողների հետ՝ հետաքրքրվելով նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներից:

Ռազմական ոստիկանություն կատարած այցի ընթացքում Պաշտպանը եղել է և՛ կարգապահական վաշտում, և՛ ընդունիչ-բաշխիչ բաժանմունքում: Նա ծանոթացել է զինծառայողների պահման ու սանիտարահիգիենիկ պայմաններին, հետաքրքրվել նրանց հանդեպ վերաբերմունքից: Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել մի խումբ ժամկետային զինծառայողների և ՌՈ աշխատակիցների հետ, պարզաբանել նրանց իրավունքները և գրանցել կոնկրետ հիմնախնդիրներ:

Այցի վերջում Արտակ Բեգլարյանը ծանոթացել է զինծառայողների ուսման ու ժամանցի պայմաններին՝ զինվորներից մեկի ցանկությամբ շախմատ խաղալով նրա հետ:

Այցերի ընթացքում ձերբակալված անձինք և զինծառայողները հարցեր են բարձրացրել իրենց տարբեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանն իր իրավասության շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news