Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վարդապետական աստիճանի արժանացած եկեղեցականներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է նույն օրը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մասնավոր վարդապետական աստիճանի արժանացած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանին, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Հոգեշնորհ Տ. Անդրեաս վարդապետ Եզեկյանին և Հոգեշնորհ Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հայրական իր օրհնությունն ու շնորհավորանքները բերելով վարդապետներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը արժևորել է եկեղեցականների տարիների վաստակն ու ծառայասիրությունը: Նորին Սրբությունը պատգամել է նրանց արժանի լինել իրենց կոչմանը, պատասխանատվությամբ ու նախանձախնդրությամբ կատարել իրենց ուսերին դրված նոր պարտականությունները:

Հայոց Հովվապետը հայցեց Երկնավոր Տիրոջը զորացնել նրանց հավատն ու ոգին և ավելի արդյունավոր դարձնել նրանց կյանքի ընթացքը, որպեսզի իրենց նվիրումով մեծ ներդրում ունենան Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում:

Բարի ծառայության մաղթանքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաթուխ վարդապետներին շնորհեց ակնակուռ լանջախաչեր: