Քայլերթն ավարտվեց․ սեպտեմբերի 20-ից Ջերմուկում կլինեն գործադուլ, դասադուլ, բողոքի ակցիաներ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Ամուլսարը՝ առանց հանքի» նախաձեռնության մասնակիցները մայրաքաղաքի երեք կետերից մեկնարկած քայլերթն ավարտել են Ազատության հրապարակում։ Ելույթի ժամանակ նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց հինգ պահանջները։ Դրանք են․

1․ Անմիջապես փոխել Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի տրամաբանությունը, որը կեղծ է և ոչ ամբողջական։

2․ Դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումն ու համեմատումն այն անհատների խմբի պահանջի հետ, որոնք անմիջական շահառուներ են, և հանքի բացումը բխում է ուղիղ իրենց ֆինանսական շահերից։

3․ Ուժը կորցրած ճանաչել «Լիդիանի»՝ Շրջակա միջավայրի ազդեցության վրա փորձաքննական եզրակացությունը՝ հենվելով բացահայտված թերությունների վրա, հաշվի առնելով նաև այն, որ փաստաթղթերում անտեսված են եղել բնապահպանական պահանջի գործոններ։

4․ Ուսումնասիրել նախորդ իշխանության օրոք տրված կասկածելի թույլատվության մանրամասները, բացահայտել այս գործում բոլոր հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը։

5․ Պահանջել «Լիդիան» ընկերությունից դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինտեխնիկան և վերականգնել լեռանը՝ արդեն հասված վնասները։

«Ամուլսարը՝ առանց հանքի» նախաձեռնության անդամներից մեկը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ից Ջերմուկում կլինեն գործադուլ, դասադուլ, բողոքի ակցիաներ։

Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ցուցարարները երթի ավարտին Ազատության հրապարակում քոչարի են պարել։