Արսեն Թորոսյանը մատը մատին չի խփում Մանվել Գրիգորյանի առողջության համար. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

manvel_grigoryan_

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մատը մատին չի խփում, այնինչ Մանվել Գրիգորյանի առողջության պահպանման հարցը գտնվում է նրա տիրույթում։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին։

«Մոտ 2 ամիս առաջ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով։ Պաշտպանական կողմը բարձրաձայնեց, որ դա տևական ժամանակ է պահանջելու, ասացին՝ «Չէ, ի՞նչ եք ասում, արագ կլինի»։ Հանձնաժողովը ստեղծելուց հետո Գրիգորյանին տեղափոխեցին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հանձնարարված այն բժիշկների մոտ, որտեղ նա անցավ հետազոտություն։
Նրանք բարձրաձայնեցին, որ ուղղակի համեմատական են անցկացնում մեկ տարի առաջ միջգերատեսչական մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի, հետո՝ 6 ամիս անց ստեղծված հանձնաժողովի արդյունքների հետ։ Համադրելուց հետո ստացվեց, որ հիվանդությունների վատթարացում է տեղի ունենում։

Այսքանից հետո միջգերատեսչական հանձնաժողովը որոշեց, որ ևս 2-3 փորձագետ պետք է ներգրավվի ևս 2-3 շաբաթ։ Այս պահին Առողջապահության նախարարը մատը մատին չի խփում, որովհետև դա գտնվում է նրա տիրույթում։ Եվ վերջինս իր անգործությամբ ուղղակի հնարավորություն չի տալիս, որ այդ հանձնաժողովը աշխատի և գործունեությունն ավարտի։

Ահավասիկ, մի դատական գործ, որտեղ երևում է Առողջապահության նախարարի ուղղակի անգործությունը, և դա չի էլ թաքցնում։ Եթե տեղի ունենա Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացում, դա գտնվում է նախարարի տիրույթում, դրա կրողը համարվելու է ՀՀ կառավարությունը։ Կառավարության համախպատասխան օղակը Գրիգորյանի գործով բացարձակ ոչ մի գործողություն չի կատարում։ Դա հանցավոր անտարբերություն է», - նշեց փաստաբանը։