ՀՀ-ն ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ-ի հետ. Հակոբ Արշակյանը՝ ԱՊՀ համակարգող խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 16-17-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում է Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից-պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ԿՏՀ Կապի ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարն անդրադարձել է թվայնացման ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններին, որդեգրած պետական քաղաքականությանը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ թվայնացման զարգացումը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալու տնտեսության և սոցիալական կյանքի բոլոր ոլորտները ենթարկել արմատական փոփոխությունների:

«Համատեղ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը թույլ կտա ամբողջ տարածաշրջանը դարձնել ավելի մրցունակ և ներգրավված լինել համաշխարհային տնտեսության գործընթացներում: Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցում է Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Եվրասիական միության մեջ ներգրավված երկրների հետ՝ թվային օրակարգի շրջանակներում որոշումների կայացման և ծրագրերի իրականացման բարձր չափանիշներ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքի և ԵՄ-ի հետ մեր ավանդական կապերը, մենք ակտիվորեն ներգրավված  ենք ինչպես ենթակառուցվածքային,  այնպես էլ մեր թվային շուկաները ԵՄ շուկային համապատասխանեցմանն ուղղված նախագծերում»,-նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Թվային շուկաների ներդաշնակեցում» ծրագրի շրջանակներում Հայաստանն աշխատում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ռազմավարության, էլեկտրոնային թվային միջանցքների մշակման, թվային հմտությունների կատարելագործման ուղղությամբ, և այլն:

«Հայաստանը ներկայում իրականացնում է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր Մերձավոր Արևելքի երկրների հետ: Հուսով ենք, որ մեր փորձն այս ոլորտում թույլ կտա Միջին Ասիայի երկրների հետ համատեղ գործարկել նոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մեր տարածաշրջանը կկապեն Ասիական և Խաղաղօվկիանոսային երկրների, Եվրոպայի և Ասիայի հետ»,-նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև, որ տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում, էկոհամակարգերի ստեղծում, զարգացման ռազմավարության մշակում ու կիրառում:

«ՀՀ կառավարությունն այս ուղղությունը առաջնահերթություն է համարում, այդ իսկ պատճառով կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի թվայնացման, էկոհամակարգերի ստեղծման և ռազմական արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականությունը»,- նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նպաստել համատեղ ծրագրերի մշակմանը, աջակցել միջազգային մակարդակում տարածաշրջանային նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված ջանքերին:

Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել Կապի տարածաշրջանային համագործակցության մասնակից-պետություններում թվայնացման զարգացման հեռանկարային ուղղություններին, 5G տեխնոլոգիաների զարգացման և ներդրման հնարավորություններին, Ռադիոկապի համաշխարհային համաժողովին (WRC), Հեռահաղորդակցության կապի ստանդարտացման համաշխարհային նստաշրջանի (WTSA 2020) նախապատրաստական աշխատանքներին, օրակարգային մի շարք այլ հարցերի։