ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

քաղաքական

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական կտա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան միջնորդագիրը, այդ մասին սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած ասուլիսում հայտարարեց հենց Փաշինյանը։

«Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների ընթացքում և փոխադարձ համաձայնությամբ։ Մի քանի սցենարներ ենք քննարկել», - հայտարարեց Փաշինյանը։

Իր հերթին Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում նույնպես անդրադարձել է իր հրաժարականին։

««Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,

Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ»,- գրել է նա»,-գրել է Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ պետ է նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին։