Հայաստանը գիտական ու տեխնոլոգիական հանգույց դառնա. նախագահի տեսլականը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ս

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում անցկացվող միջազգային աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված է գերնոր աստղերի ծագման աղբյուր համարվող՝ սպիտակ թզուկ պարունակող սեղմ կրկնակի աստղերին: Միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 60 գիտնականներ աշխարհի տարբեր գիտակրթական հաստատություններից, մասնավորապես՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտից, Քեմբրիջի, Շեֆիլդի, Պոտսդամի, Միչիգանի, Մոսկվայի պետական համալսարաններից:

Նախագահ Սարգսյանը, ով, որպես տեսաբան-աստղաֆիզիկոս, ժամանակին զբաղվել է հարաբերական աստղաֆիզիկայով, ողջունել է գիտաժողովը Հայաստանում կազմակերպելու նախաձեռնությունը՝ այն օգտակար համարելով գիտության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև Հայաստանի՝ որպես գիտական ավանդույթներ ունեցող երկրի համար:

«Սա նոր աշխարհ է: Իմ տեսլականն է, որ Հայաստանը գիտական ու տեխնոլոգիական հանգույց դառնա: 21-րդ դարում իրական արժեքներն են լինելու մարդկային միտքը, ստեղծարարությունը, գաղափարը՝ հիմնված ձեռք բերած փորձի, գիտության ու տեխնոլգիաների վրա»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Գիտաժողովն անցկացվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աջակցությամբ, կազմակերպիչը Մեքսիկայի ազգային համալսարանի պրոֆեսոր Գագիկ Թովմասյանն է: