Վանեցյանին փոխարինողը կուղենշի Հայաստանի ապագան

ԵՐԵՒԱՆ, 16  ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Վանեցյան Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու և դրան հաջորդած վերջինիս մեկնաբանությունն ունեցավ բաց երկնքում կայծակի ազդեցություն։ ԱԱԾ արդեն նախկին պետը 2018 թ-ի մայիսյան քաղաքական փոփոխություններից հետո, կարելի է ասել, որ Փաշինյանից հետո երկրորդ ամենաբարձր վարկանիշով անձն էր, ում հեռացումն իշխանական բուրգից քաղաքական բազմաթիվ վերլուծությունների պատճառ կդառնա։  Վանեցյանի նկատմամբ արշավը գրեթե միշտ կառավարվել է իշխանության ներսից ու իրականացվել արևմտյան տարատեսակ հիմնադրամների, կամ, այլ կերպ ասած՝ «Սորոսի» ներկայացուցիչների կողմից, ինչի մասին մամուլում բազմաթիվ վկայություններ կան։ Հատկապես ակնհայտ է Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունը, որն ուղղակի վերածվեց ԱԱԾ-«Սորոս» պատերազմի։

Այս առումով բնական է, որ հատուկ ծառայության հաջորդ ղեկավարի անձից շատ բան կարելի է հասկանալ, թե ուր է գնում այն նոր Հայաստանը, ում մասին հայտարարում են անընդհատ իշխանությունները։ Եթե ԱԱԾ պետ նշանակվի համակարգի համար ընդունելի, ինչպես նաև ուժային կառույցներում աշխատանքի փորձ ունեցող զինվորական, ապա կարելի է ենթադրել, որ Վանեցյանի ազատումը կապված է Փաշինյանի հետ ներքին հարաբերությունների, այլ ոչ թե գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Երկրորդ տարբերակով, եթե լինի քաղաքական նշանակում, իսկ նշանակվողն էլ այս կամ այն կերպ, միջնորդավորված կամ ոչ կապ ունենա «սորոսականների» հետ, հնարավոր կլինի ենթադրել, որ Փաշինյանը Հայաստանում զիջում է իշխանությունը հենց այդ թևի ներկայացուցիչներին։ Մեկ խոսքով, հաջորդ ԱԱԾ պետի անձը կուղենշի Հայաստանի հետագա զարգացումը։ 

Սիմոն Կամսարական