Գեղարքունիքում 37-ամյա վարորդը BMW X5-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 00։05-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած BMW X5 մակնիշի 51 QD 111 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդը, ում դին գյուղացիները, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս, տեղում մահացել է։

Աղբյուրը հայտնում է, որ հարվածի հետևանքով ավտոմեքենայի 2 անվահեծանները կոտրվել էին, իսկ ավտոմեքենան էլ ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վերջերս էր Հայաստան վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։