«Մեզ միավորում է նույն տեսլականը». ՀՀ ԱԳ նախարարը՝ Լիտվայի Էկոնոմիկայի նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Լիտվայի Էկոնոմիկայի եւ նորարարության նախարարություն, որտեղ փոխնախարար Գինտարաս Վիլդան եւ ոլորտային պատասխանատուները ներկայացրին բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում Լիտվայի ձեռքբերումները եւ դրանք՝ այլ երկրներ արտահանելու գործընթացների կարգավորման իրենց փորձը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Մնացականյանը, ներկայացնելով ՏՏ, ՏՏ լուծումների, նորարարության, ստեղծարար կրության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի եւ Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի, «Ինժիներական քաղաք» նախաձեռնությունների, ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացումը կառավարության առաջնահերթությունն է:

ՀՀ ԱԳ նախարարը եւ Լիտվայի Էկոնոմիկայի եւ նորարարության նախարարը գոհունակությամբ ընդգծեցին, որ երկու երկրներին միավորում է ապագայի նույն տեսլականը, ինչը փոխգործակցության եւ երկկողմ օրակարգի հարստացման նոր ու  խոստումնալից հեռանակարներ է բացում: Այդ առնչությամբ ընդգծվեց այդ ոլորտներում փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի նախաձեռնման համար անմիջական դերակատարների հանդիպման հարթակների ձեւավորման կարեւորությունը: