«Իմ քայլը»-ում տեղյակ չեն Արթուր Վանեցյանի հրաժարականի և հայտարարության պատճառներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

ԱԺ ճեպազրույցում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նշեցին, որ տեղյակ չեն, թե ինչու է Արթուր Վանեցյանը հրաժարական տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից և թե ինչով է պայմանավորված վերջինիս հայտարարության բովանդակությունը:

Խմբակցության  անդամ Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ չի ենթադրվում, որ ամեն պատգամավոր պետք է իմանա հրաժարականի կամ ազատման նախապատմությունը:  

«Հայտարարության տեքստը կարող է պայմանավորված լինել հարյուր բանով, կարող է պայմանավորված լինել լարված հարաբերություններով, նրանով, որ Վանեցյանը գտնում է, թե իշխանությունը առաջնայինը երկրորդայինից տարբերելու ունակություն չունի, իսկ իշխանությունը գտնում է, որ ունի, կարող է տարրական անհամաձայնության պատճառ լինել: Սակայն գուշակությամբ զբաղվելը շատ անշնորհակալ գործ է»,-ասաց նա՝ հավելելով, որ կա իշխանությունների և գործառույթների բաժանում, մանրամասներն իրեն՝ որպես պատգամավորի հետաքրքիր չեն:

Արուսյակ Ջուլհակյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ վարչապետն ու նրա խոսնակը բավականին հանգամանալից անդրադարձել են թեմային: «Ինձ համար հստակ է, որ Վանեցյանն, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»,- ասաց նա: