Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպումն ավարտվել է դրական արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանն աջակցում են Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը: Այս մասին նշված է համատեղ հռչակագրում, որը սեպտեմբերի 16-ին ընդունվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռոհանիի մասնակցությամբ Անկարայում անցկացված եռակողմ հանդիպման արդյունքում:

Հռչակագրում առանձին ընդգծվում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում կայունությունը եւ անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա: Երեք առաջնորդներն էլ դեմ են արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Սիրիայում «նոր իրողություններ ձեւավորելու» ցանկացած փորձի:

Եռակողմ հանդիպման արդյունքներով ավարտին է մոտենում նաեւ Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի կազմավորումը, որը սահմանադրական բարեփոխումների միջոցով պետք է ապահովի հետպատերազմական Սիրիայի վերականգնումը: Առաջնորդները համաձայնության են եկել մասնավորապես հանձնաժողովի անդամների հարցում: Նրանք համաձայնել են ահաբեկիչների դեմ պայքարելով՝ կայունացնել իրավիճակը Իդլիբում, որը վերահսկում են իսլամիստ զինյալները: