Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայց է ներկայացրել ԲԴԽ անդամի դեմ՝ իրեն զրպարտելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 24News

դավիթ Գրիգորյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Գործը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին եւ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին։ Որպես 3-րդ անձ ներգրավված է նաեւ iravaban.net կայքը։

Նշենք, որ Armtimes.com–ին դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել է, որ հայցի պատճառը Մելիքջանյանի օգոստոսի 13-ին «Iravaban.net»-ին տված հարցազրույցն է: Գրիգորյանը նշել է, որ միայն զրպարտությունը հերքելու պահանջ է ներկայացրել:

Հարցազրույցում Լիպարիտ Մելիքջանյանը, մասնավորապես, ասել է. «Բանը հասել է նրան, որ հայտնի իրավաբանները նշում են, որ պաշտոնական կեղծիքի կատարումը դատարաններում տարածված երեւույթ է, նշանակո՞ւմ է դատավորներն ամեն օր պաշտոնական կեղծիք են կատարում։Կամ ի՞նչ  է նշանակում առանց որոշմանը, առանց փաստական հանգամանքներին ծանոթանալու փաստաբանները ստորագրահավաքներ են կազմակերպում, հավաքվում են, պաշտպանում են Դավիթ Գրիգորյանին: Ո՞ւմից են պաշտպանում: Դավիթ Գրիգորյանի գործոնը դնենք մի կողմ. ի՞նչ է նշանակում՝ անձը, դատավորը առանց կողմերին ծանուցելու դատական նիստ է նշանակում ու այդ դատական նիստի օրը, ինքը եւ իր դատական նիստերի քարտուղարը՝ զբաղված իրենց ընտանեկան հոգսերով, կամ չգիտեմ՝ որեւէ սրճարանում նստած զովացուցիչ ըմպելիք են խմում՝ հետագայում այդ դատական նիստի արձանագրությունը կեղծելով, ստորագրում եւ մտցնում են դատական գործերի մեջ: Ու դա համարում են նորմա՞լ: Այսինքն՝ պաշտոնական փաստաթղթում դատավորի կողմից պաշտոնական կեղծիք կատարելը կարելի է մեկնաբանել, որ տարածված է դատական համակարգում եւ դա նորմա՞լ է: Ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել իմ կողմից այդ որոշման տակ ստորագրելու հանգամանքին: Գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, որ եթե դատավարը՝ պաշտոնական փաստաթղթում պետք է պաշտոնական կեղծիք կատարի ու դրա առնչությամբ հիմնավոր կասկածներ առկա լինեն ԲԴԽ-ի մոտ, ապա ԲԴԽ-ն միանշանակ պետք է բավարարի այդ միջնորդությունը»: