Դատարանը մերժեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

քաղաքական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ մերժեց ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ չընդունելով վերջինիս պաշտպանների միջնորդությունը, որը հիմնված էր սեպտեմբերի 4-ի Սահմանադրական դատարանի ընդունած որոշման վրա։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:

Նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը քննության չի առնվել:

Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, նշել էին, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ:

Մեղադրող կողմի կարծիքով՝ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար, Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով  «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք:

Գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում են  նաև 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Բացի այդ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: