ՀՀ-ն ընտրել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բաց քաղաքականություն. Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկանը մասնակցում է սեպտեմբերի 15-18-ը Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովին։ Լիագումար նիստի շրջանակներում նախարարը հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով համաժողովի նախագահին և պատվիրակներին՝ նախարարը կարևորել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության ուղղությունների հետագա ընդլայնումն ու խորացումը։

ՀՀ կառավարության անունից նախարարը իր ցավակցություններն է հայտնել գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի անժամանակ մահվան կապակցությամբ և ընդգծել նրա ունեցած ներդրումը ոչ միայն ԱԷՄ գործակալության զարգացման, այլ նաև Հայաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերություններ ապահովելու գործում։

Նախարարը շեշտել է, որ  միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել  և շարունակում է մնալ առաջնահերթություն․  «Որպես գործող ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր՝ Հայաստանը ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն և հետագայում էլ շարունակելու է ամրապնդել ու ձեռնարկել համապատասխան միջոցառումներ միջուկային և ճառագայթային անվտանգությունը բարձրացնելու և պահպանելու ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում այն դերն ու աջակցությունը, որը ԱԷՄԳ-ը մշտապես ցուցաբերում է Հայաստանին՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության չափանիշների ապահովմանն ուղղված մեր պարտավորությունների կատարման ընթացքում»։

ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացվել է շուրջ 40 ազգային ծրագիր, ներկայումս իրականացվում է ևս 7-ը: Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ այդ ծրագրերը շարունակական կլինեն և կներդրվեն առավելագույն ջանքեր Համատեղ գործողությունների Համապարփակ ծրագիրը պահպանելու ուղղությամբ:

Աշխատանքային այցի շրջանակներում  նախարարը հանդիպել է նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ։ Նախարարը կարևորել է  ԱԶԿ ներգրավվածության ընդլայնումը Հայաստանի համաչափ զարգացման ծրագրերում։

Իր հերթին Լի Յոնգը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել մասնակցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում՝ մասնավորապես համայնքներում կարողությունների զարգացման, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների  և այլ  ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել համատեղ ծրագրերի մանրամասները։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news