ՍԴ-ն, ինչպես մինչև հիմա, կշարունակի ղեկավարվել Սահմանադրությամբ․ ՍԴ անդամ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

բակո

ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝  սեպտեմբերի 17-ին, Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԺ–մ ձեռնարկում է իր գործողությունները, իսկ ՍԴ-ն ունի Սահմանադրությամբ եւ ՍԴ մասին օրենքով իր լիազորությունների եւ գործունեության կազմակերպման շրջանակը:

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ՍԴ-ն չի քննել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, որը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի հարցի քննությանը երեք ՍԴ անդամների մասնակցության անհնարինությանը, որոնց թվում է նաեւ ինքը, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «ՍԴ-ն քննության առարկա չի դարձնում ցանկացած դիմում, որը ներկայացված է ոչ պատշաճ կարգով, եւ ոչ սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: Օրենքի տառի եւ պահանջների խախտմամբ են ներկայացված եւ ՍԴ-ն պարտավորություն չունի, անգամ եթե դա ներկայացնում է  ՍԴ դատավորը։ Առավել եւս ՍԴ դատավորը պարտավոր է պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջները, այդպիսի դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում, սահմանված ընթացակարգով եւ իր լիազորությունների շրջանակում։

Այս դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, ոչ պատշաճ ժամկետներում, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, հետեւաբար այդ հարցը բազմակողմանի քննության առարկա է դարձել, ՍԴ աշխատակարգային նիստում հարցը սահմանված կարգով ՍԴ նախագահը ներկայացրել է ՍԴ քննարկմանը: ՍԴ–ում որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ՝ քննության առնելով այն բոլորը, ինչ ներկայացրեցի, ՍԴ–ն փաստարկել է, ամրագրել է այդ ամենը արձանագրությամբ եւ, ելնելով վերոհիշյալ հիմնավորումներից, անհրաժեշտություն չի տեսել քննության առարկա դարձնել եւ դրա վերաբերյալ որոշում կայացնել»:

Արեւիկ Պետրոսյանը Վահ Գրիգորյանին խորհուրդ տվեց իր աշխատանքով ոչ թե ճգնաժամ առաջացնել ՍԴ–ում կամ ճգնաժամ առաջացնելու փորձ կատարել, այլ իրականացներ Սահմանադրության եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված իր պարտականությունները, որ դրա ծանրաբեռնվածությունը չկրեին ՍԴ մյուս դատավորները իր փոխարեն, որ երկրում իշխանության այլ թեւերի, այդ թվում ԱԺ–ի, այդ թվում կառավարության համար խնդիրներ չառաջանան։

Դիտարկմանը՝ ԱԺ-ն արդյո՞ք չի կարող ՍԴ անդամին կամ դատավորին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել, Արեւիկ Պետրոսյանը արձագանքեց. «ԱԺ-ն քաղաքական մարմին է, ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակ: Ցանկացած պետական մարմին, պետական այր, որ կատարում է քայլ, դրանք պետք է բխեն Սահմանադրությունից և օրենքներից, իր գործողությունների համար կրում է պատասխանատվություն: Իսկ ՍԴ-ն ինչպես մինչեւ հիմա, կղեկավարվի Սահմանադրությամբ»:

Ինչ վերաբերում է ՍԴ անդամ Ֆելքս Թոխյանի հատուկ կարծիքին, ով նշել էր, որ ՍԴ-ն շտապողականություն է դրսեւորել, եւ եթե այդպես չաներ, այլ որոշում կկայացվեր, նաեւ հատուկ կարծիք է ներկայացրել նաեւ ՍԴ դատավոր Դիլանյանը, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «Եթե հատուկ կարծիքները լինեին իրավական առումով այնքան հիմնավորված, փաստարկված, որ հիմք կհանդիսանային ՍԴ–ի համար հիմք որոշում կայացնելու ժամանակ, դրանք հիմք կդառնային»:

Ինչ վերաբերում է նրան, որ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԱԺ-ն պետք է դիրքորոշում հայտնի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, «Թող հայտնի»՝ կարճ արձագանքեց նա։