Արշակ Կարապետյանի ցուցմունքը, թե իբր ես բանավոր հայտարարել եմ արտակարգ դրություն աբսուրդ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր պաշտպանների կողմից ներկայացրած միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս անդրադարձավ քրեական գործի բովանդակությանը, մասնավորապես ցուցմունքներին։
 

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները դատարանին միջնորդել են փոխել նրա խափանման միջոց կալանքը՝ փոխարինելով այն գրավով

 Գրավի չափը կարող է որոշել դատարանը։ Պաշտպանները վստահեցնում են, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ հիմք չունի խոչընդոտել դատաքննությանը՝ ազդելով վկաների կամ գործով անցնող անձանց վրա։

Իր ելույթում նախկին նախագահը հորդորեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին կարդալ ցուցմունքները և հասկանալ՝ արդյոք ինքը ունի՞ հիմքեր ազդել վկաների վրա։

«Ձեզանից ընդամենը 40 կամ 50 րոպե է քաշելու նայել այդ ցուցմունքները, որոնց հետ ես համաձայն եմ և փոխելու բան չկա։ Ասել են այն, ինչ եղել է։ Բացի Արշակ Կարապետյանից, որը ճիշտ ներկայացրել է, բայց մի հայտարարություն է արել, որը իրականությանը չի համապատասխանում և որը չի հաստատվում 12 ուրիշ ցուցմունքներով՝ թե իբր ես բանավոր հայտարարել եմ արտակարգ դրություն փետրվարի 23-ին։ Այս նախադասությունը ուղղակի աբսուրդ է, բանավոր արտակարգ դրություն չի լինում և որևէ հետևանքներ դրանից հետո չեն եղել։ Դուք այդ նյութերին ծանոթանալով, կարող եք պատկերացնել, թե այդ ինչի վրա ու ինչի համար ես պետք է ազդեի, որ ի՞նչ փոխվի այդ ցուցմունքներով», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Նկատենք, որ Արշակ Կարապետյանը մարտի 1-ի գործով վկայություն տալուց հետո նշանակվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։