Ես կողմ եմ, որ ԵԱՏՄ բոլոր երկրների վարորդական իրավունքներն ընդունվեն ՌԴ-ում․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Ռուս պատգամավորները կքննարկեն ազգային վարորդական իրավունքներով ԵԱՏՄ տարածքում տրանսպորտային փոխադրումները թույլատրելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Նա նշել է, որ այս դեպքում Ռուսաստանի գործող օրենսդրության մեջ փոփոխություններ պիտի անեն:

«Հայերը այս հարցն են բարձրացնում: Նրանք այս հարցը միշտ են բարձրացրել, քանի որ մենք այդպիսի հնարավորություն ենք տվել բելառուսներին, ղազախներին, ղրղզներին: Ես այսօր կողմ եմ, որ մենք այդ օրենքը խմբագրենք՝ նման հնարավորություն տալով բոլորին»,- ասել է նա:

Զատուլինը նշել է, որ ԵԱՏՄ հանձնաժողովում աշխատանք է տարվում օրենքի այդ նորմը ոչ թե ըստ տվյալ երկրում ռուսաց լեզվի ունեցած կարգավիճակի, այլ ըստ տվյալ երկրի՝ ԵԱՏՄ անդամ հանդիսանալու հանգամանքի կիրառելու ուղղությամբ: Խոսքը տրանսպորտային փոխադրումների մասին է, որ վարորդներն իրականացնում են ազգային վարորդական իրավունքներով: