Արմեն Սարգսյանն ու նրա տիկինն ընդունել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 24News

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը սեպտեմբերի 17-ին նախագահական նստավայրում հյուրընկալել են մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգներին՝ թոռներին և ծոռներին, տեղեկացնում են  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ պատիվ է հյուրընկալել մեծ բանաստեղծի ժառանգներին, որոնք Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախաձեռնությամբ հավաքվել են հայրենիքում:
«Սովորաբար մեծերին հիշում ու մեծարում են հոբելյանների ժամանակ, բայց Թումանյանը, նրա ստեղծագործությունները մեզ հետ են մշտապես: Մեզ համար նա լեգենդ է, և ժամանակի հետ այդ լեգենդը գնալով ավելի է բյուրեղանում»,-նշել է նախագահը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Թումանյանի ժառանգության պահպանման ու տարածման շուրջ, ներկայացվել են գաղափարներ՝ Թումանյանի ինստիտուտ ստեղծելու, Դսեղում թումանյանական բնաշխարհն ու միջավայրը պահպանելու վերաբերյալ: Հյուրերը նախագահին են նվիրել նաև մեծանուն բանաստեղծի 150-ամյակի առիթով հրատարակված ժողովածուները: