Հանքի շահագործումը ոչնչացնելու է վտանգված տեսակների ապրելավայրը․ WWF Հայաստանի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

WWF Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ)-ը ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությունն է տարածել.

 «WWF Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ) պաշտոնական հայտարարությունն Ամուլսարի՝ ոսկեբեր քվարցիտային հանքավայրի, շահագործման վերաբերյալ. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրը գտնվում է կենսաբազմազանության առումով կարևոր վայրերից մեկում, ներառյալ «Կարևորագույն թռչնաբանական տարածքը» (IBA), «Էմերալդ տարածքը» (Emerald Site) և «Կարևորագույն կենսաբազմազանության տարածքը» (KBA):
Այն ապրելավայր է ավելի քան 25 տեսակ կենդանիների և առնվազն երկու տեսակ բույսերի համար, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

Հանքի շահագործումը, այլ սպառնալիքների հետ միասին, ոչնչացնելու է վտանգված տեսակների ապրելավայրը, ինչպես նաև ֆիզիկապես վնասելու է դրանց մեծ մասին:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» (ՇՄԱԳ) փաստաթղթով առաջարկված՝ տեսակների պահպանմանն ուղղված միջոցառումները բավարար չեն, իսկ կենսաբազմազանության վերաբնակեցման ծրագրում առաջարկված միջոցառումները թերի են և վերանայման կարիք ունեն: Այս փաստերը ներկայացված են նաև «ԷԼԱՐԴ»-ի վերջին հետազոտություններում։
Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության վերաբերյալ ուսումնասիրությունն ամբողջությամբ չի իրականացվել։ Չեն իրականացվել նաև տարածքում առկա սնկերի վերաբերյալ ուսումնասիրություններ, անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որոշ տեսակների վերաբերյալ՝ ոզնաթուփ մեխակի (Խոցելի), սիրիական սխտորագորտի (Խոցելի), անդրկովկասյան սահնօձի (Խոցելի), բեզոարյան այծի (Խոցելի) և Ապոլլոն թիթեռի (Խոցելի):

Այս տեսակների պահպանման կամ վերաբնակեցման ծրագիր ներկայացված չէ:
Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության պահպանման ծրագիրը վերաբերում է հիմնականում մեկ բուսատեսակի՝ մատնունի ծիրանավորին և մեկ կենդանատեսակի՝ գորշ արջին: Կարմիրգրքյան այլ տեսակների պահպանման վերաբերյալ ծրագիր չի մշակվել կամ ներկայացվել:
Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության փոխհատուցման ծրագիրը հիմնականում սահմանափակվում է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ, որը կապ չունի Ամուլսարի հետ և այլ լանդշաֆտ ու էկոհամակարգ է: Այսինքն՝ պլանավորված ազգային պարկը չի կարողանա ապահովել համապատասխան կենսամիջավայր Ամուլսարում հայտնաբերված վտանգված տեսակների մեծ մասի համար և չի կարող համարվել որպես վերաբնակեցման ծրագիր:

ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, մասնավորապես, «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածին, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներին, քանի որ Ամուլսարի տարածքում հայտնաբերվել են վերոնշյալ թվարկված բազմաթիվ կենդանատեսակներն ու բուսատեսակները՝ գրանցված Հայաստանի բույսերի և կենդանիների կարմիր գրքում:
2016-ին Ամուլսարի նախագիծը ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունն ստացել է առանց հաշվի առնելու Ջերմուկ քաղաքի բնակիչների կարծիքը, ինչը մենք համարում ենք մարդու իրավունքների ոտնահարում:

WWF-ի փորձագետների կողմից 2018-ին Ամուլսարում հայտնաբերված Ապոլլոն թիթեռը և ոզնաթուփ մեխակը կարող են համարվել որպես նոր էկոլոգիական գործոն, ինչն էլ պահանջում է հավելյալ ուսումնասիրություն և ներկա ՇՄԱԳ-ի չեղարկում, քանի որ վերջինս չի անդրադառնում այդ տեսակներին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ WWF Հայաստանը դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրանքով՝ չեղյալ ճանաչել 2016-ին Lydian International-ին տրված ՇՄԱԳ-ը:
WWF-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ Հայաստանի մաքուր և բարեկեցիկ ապագայի համար: Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կանի առավելագույնը, որպեսզի իր ժողովրդի համար ապահովի հենց այդպիսի ապագա»: