Կայացել է ՀՀ և ՌԴ խորհրդարանների հանձնաժողովների համատեղ նիստ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Այսօր տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի ֆեյսբուքյան էջից։

Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությանը ՌԴ Պետական Դումայի լիագումար նիստերի դահլիճում խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով պատգամավորները ողջունեցին ոտնկայս ծափահարություններով։

Միքայել Մելքումյանը բարձրացրեց երկկողմ հարաբերությունների համար մեծ նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, խոսվեց ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ՀԱՊԿ պետություններից մեկի հետ խնդիրներ ունեցող պետություններին զենքի վաճառքի հարցի, ՌԴ տարածքում ՀՀ ազգային վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խոչընդոտների, երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների համար արտոնյալ ժամկետի ավարտի, Մեծամորի ատոմակայանի ռեսուրսի երկարաձգման վարկավորման խնդիրների, Վերին Լարսի խնդրի, եւ մի շարք այլ հարցերի մասին:

Հանդիպման ավարտին երկու հանձնաժողովների միջեւ ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր:

Այցի շրջանակներում Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց նաեւ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որի ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրության հարցեր: