Unibank

Unibank Mobile

Ուժայինները գնում են. Փաշինյանի ժամացույցը միացավ

ԵՐԵՒԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Օսիպյան-Վանեցյան

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին լուրը դեռ ամբողջովին չէր հասցրել մարսվել, երբ արդեն հայտնի դարձավ, որ իր պաշտոնին հրաժեշտ է տալիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Հետաքրքիր ու խորհրդանշական է, որ այս երկու ուժային կարևորագույն նշանակումները Փաշինյանն արեց միաժամանակ՝ իշխանափոխությունից ընդամենը երկու օր հետո՝ 2018 թ-ի մայիսի 10-ին։

Ստացվում է, որ նույն օրը նշանակված այն ժամանակ դեռ գնդապետներ Օսիպյանն ու Վանեցյանը գրեթե միաժամանակ թողեցին իրենց պաշտոնները, իհարկե, արդեն գեներալ դարձած։ Քաղաքական առանց այդ էլ անկայուն իրավիճակում իրավապահ համակարգի ղեկավարների փոփոխությունը նշանակում է, որ Փաշինյանի կառավարությունում ամեն ինչ այդքան էլ հանգիստ չէ։

Մի կողմից արտաքին քաղաքական ընդգծված մարտահրավերները, մյուս կողմից ընդդիմախոսների ավելի կոշտ ու միասնական գրոհները նրա դիրքերին ցույց են տալիս, որ որքան էլ իշխանությունը հայտարարում է «ժողովրդի աջակցության» մասին, այնուամենայնիվ, պատրաստվում է գալիք ու հնարավոր է՝ վերջին պատերազմին։

Փաշինյանի ժամացույցն այս առումով կարելի է համարել միացված, իսկ երկընտանքը՝ շատ հստակ։ Կամ նա ուժային կառույցների ղեկավարներ է նշանակում փորձված, համակարգի կողմից ընդունված ինչպես նաև կամային հատկանիշներն արդեն իսկ գործով ապացուցած հեղինակությունների, ինչպիսիք հատուկենտ, սակայն կան թե՜ իր թիմում, թե նախկին ընդդիմադիրների շրջանում, կամ բերում է այդ կառույցների գլխին իր համար վստահելի, սակայն համակարգի կողմից անընդունելի ու ուժային կառույցներում չաշխատած «քայլողների»։

Վերջին պարագայում հատկապես սարսափելի կլինի, եթե դրանք նշանակվեն իշխանության «սորոսյան» թևից, ովքեր ոչ միայն ներքին առումով են խնդրահարույց, այլ նաև, վստահաբար կարելի է ասել, բացարձակ անընդունելի են Հայաստանի հիմնական արտաքին դաշնակիցների համար։ Իրականում, որքան էլ որ ժողովրդի մոտ Փաշինյանի հեղինակությունը դեռ շարունակում է բարձր մնալ, սակայն կառավարության ղեկավարը երկար ժամանակ չունի՝ գրոհները գնալով սաստկանալու են, իսկ ինքը մնալու է ավելի ու ավելի անպաշտպան։

Այս տրամաբանության մեջ նա պարտավոր է արագ կողմնորոշվել ու գնալ կտրուկ քայլերի՝ հենց կադրային նշանակումների առումով, ինչպես նաև վերաիմաստավորել «նոր» կամ «հին Հայաստանի» մասին իր կոնցեպտն ու փորձել իր շուրջը համախմբել կամային ունակություններ ունեցող պրոֆեսիոնալների՝ անկախ նրանից՝ այդ մարդիկ «հին», թե «նոր» Հայաստանից են։ Ժամանակն ամեն օր նրա դեմ է աշխատում, իսկ Հայաստանում քաղաքական ցնցումների նոր դուռը կարծես երկար ժամանակով արդեն բացվում է։ 

Սուրեն Կամսարական

Տեսանյութեր

Live

Լրահոս