«Սանիթեքի» աշխատակիցները սպասում են քաղաքապետարանի փաստաթղթին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

«Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակիցները Երեւանի քաղաքապետարանի դիմաց փորձեցին փակել փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

 «Սանիթեքի» աշխատակիցները պահանջում են քաղաքապետարանին ներկայացնի այն փաստաթուղթը, որտեղ նշված է, որ իրենք «Սանիթեքին» փոխանցել են գումարը եւ իրենք կարող են այդ գումարից աշխատավարձ ստանալ:

 Նշենք, որ «Սանիթեքի» աշխատակիցները պահանջում են իրենց օգոստոս ամսվա աշխատավարձը:

«Հիմնարկի տերն ասում է չեն փոխանցել, քաղաքապետարանն ասում է՝ փոխանցել ենք: Հիմնարկի տերը դրսում է, Հայաստանում չի, հիմա էլ կֆռցնեն, կգցեն իր վրա: Մենք ոչ մեկին չենք վստահում: Թող քաղաքապետարանը «Սանիթեքին» ասի՝ ինչի՞ էս մարդկանց փողը չեք տալիս»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Երբ ակցիայի մասնակիցները փորձեցին փակել փողոցը, ոստիկանների հետ հրմշտոց սկսվեց. Իրավապահները նրանց հրելով դուրս բերեցին փողոցից:

Ակցիայի մասնակիցները որոշեցին ուժով մտնել քաղաքապետարանի շենք: Ոստիկանները շղթա կազմեցին՝ փակելով շենքի մուտքը: Ի վերջո, «Սանիթեքի» աշխատակիցները համաձայնեցին սպասել, մինչեւ քաղաքապետարանը կներկայացնի փաստաթուղթը: