Ինչի՞ մասին է վկայում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 18, 24News

ծռեր

«Սասնա Ծռեր» կուսաkցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

Առկա իրավիճակի համատեքստում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները վկայում են, որ պետական կառավարման համակարգի ճգնաժամը խորանում է, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դեմարշային բովանդակությունը և դրա նկատմամբ 5-րդ շարասյան  աջակցող դիրքավորումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եղել է և կա ռևանշի դավադիր պլան և որ այդ պլանը ձախողման վտանգի առաջ է կանգնած:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելը ճգնաժամը հաղթահարելուն և ռևանշը չեզոքացնելուն ուղղված ողջունելի, սակայն շատ մասնակի քայլ է, որը բավարար չէ այդ հույժ կարևոր կառույցների գործառույթներն ազգայնացնելու և դրանք ՀՀ ինքնիշխանությանն ու իրավակարգի պահպանմանը ծառայեցնելու համար:
Ամբողջ պետական կառավարման համակարգը արմատական բարեփոխման կարիք ունի: Հատկապես խնդրահարույց է ԱԱԾ և Ոստիկանության հետ կապված վիճակը: Առաջին հերթին հարկավոր է այս կառույցները զատել խորհրդային ժառանգությունից և զտել հակապետական ու կոռումպացված կադրերից,  համապատասխանեցնել ներկայիս մարտահրավերներին և ենթարկեցնել քաղաքական ու քաղաքացիական  վերահսկողության:

Խիստ մտահոգիչ է վիճակը նաև մյուս բոլոր ոլորտներում:

Մեր ազգի և պետության առջև ծառացած բարդ ու դժվարին խնդիրները լուծելու, այդ թվում՝ բոլորիս աչքի առաջ մոբիլիզացվող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր ազգային-ժողովրդավարական ուժերն ու ամբողջ քաղաքացիական հասարակությունը գործող իշխանության հետ միասին համախմբվեն և համաձայնեցված քայլերով երկրում ձևավորեն ճգնաժամի հաղթահարման և հետագա զարգացման նախադրյալներ ու պայմաններ:

Ազգային անվտանգության ապահովման և պետության ապագայի երաշխավորման համար կենսականորեն անհրաժեշտ այս գործընթացի հաջողության հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է:

Ուստի գործող իշխանությանը հորդորում ենք ներկայիս առօրեական տրամաբանության փոխարեն այլևս գործել հասունացող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ արտակարգ լուծումների դիմելու տրամաբանությամբ, ցուցաբերել առավելագույն լայնախոհություն և ապահովել հնարավորինս մեծ ներառականություն, ինչի համար այս փուլում առնվազն պետք է՝

1. համակարգային, հետևողական, կտրուկ և արդյունավետ քայլերով խափանել 5-րդ շարասյան ռևանշը,
2. անհապաղ դադարեցնել ազգային համախմբմանը խոչընդոտող ու հակառակորդի ջրաղացին ջուր լցնող, առաջին հերթին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը միտված, գործողությունները,
3. ճգնաժամային խնդիրների և բոլոր ռազմավարական հարցերի լուծման համար անցկացնել հանրաքվեներ կամ կիրառել ուղիղ ժողովրդավարության այլ միջոցներ,
4. ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց»: