«Սանիթեքը» օգոստոս ամսվա 15 օրվա կատարողականն է ներկայացրել և ըստ դրա՝ վճարվել․ Կուբաթյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Քաղաքապետարանը «Սանիթեք»-ին ունեցած պարտքի բյուջեից պետք է տա ընկերության աշխատակիցների աշխատավարձը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ -ական անդամ Արմեն Ներսիսյանը:

«Ես անձամբ հիմա տղաների հետ կգնամ «Սանիթեքի» հաշվապահություն, կվերցնենք ընդհանուր պարտքի մասին տեղեկանքը, որտեղ նշված կլինի, թե իրենց աշխատողներին այս ընթացքում ինչքան գումար են պարտք մնացել: Երբ, որ ցուցակը մեր ձեռքում կլինի, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանի հետ կբարձրանանք փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի մոտ, տեղյակ կպահենք, թե ինչքան գումարի մասին է խոսքը, բանկում հաշվեհամար կբացվի, արդեն բոլորով կորոշենք՝ այս մարդկանց գումարը երբ ենք տալու»,- ասաց Ներսիսյանը:

Իր հերթին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը նշեց, որ հստակ չի կարող ասել ինչ մեխանիզմով, բայց կփորձեն աշխատավարձերը փոխանցել անմիջապես աշխատակիցների հաշվեհամարներին:

«Քաղաքապետարանը «Սանիթեք»-ին վճարել է կատարած աշխատանքի չափով: «Սանիթեքը» օգոստոս ամսվա առաջին 15 օրվա կատարողականն է ներկայացրել և ըստ դրա՝ վճարվել: Մնացած օրերի կատարողականը չի ներկայացվել: Մենք չենք կարող «Սանիթեք»-ին հենց այնպես վճարել, հիմք պետք է ունենանք: Քաղաքապետարանը «Սանիթեք»-ին պարտք չունի»,- ասաց  Կուբաթյանը: