Ովքե՞ր են խորհրդարանի ամենահարուստ պատգամավորները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը գլխավորում է ամենահարուստ պատգամավորների հնգյակը։ Այս մասին տեղեկանում ենք Parliamentmonitoring.am կայքից։ 

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին Գ. Ծառուկյանը ներկայացրել է 2011-2018 թթ. գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրեր։ Ըստ 2019 թվականի մայիսի 24-ին ներկայացված հայտարարագրի՝ Ծառուկյանի դրամական միջոցները կազմել են 543 միլիոն 845 հազար դրամ, 168 միլիոն 531 հազար ԱՄՆ դոլար և 30 միլիոն 641 հազար եվրո։

Հայտարարագրի տվյալներով՝ պատգամավորն ունի նաև թանկարժեք գույք, եկամուտներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և ներդրումներ: Ծառուկյանի եկամուտը ընդանուր կազմել է 4 միլիարդ 185 միլիոն դրամ։

Երկրորդ ամենահարուստ պատգամավորը Դավիթ Մանուկյանն է՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Ըստ 2019 թվականի ապրիլի 1-ին ներկայացրած հայտարարագրի՝ պատգամավոր Մանուկյանի դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 268 միլիոն 595 հազար 750 դրամ և 1 միլիոն 470 հազար դոլար։ Պատգամավորի ընդհանուր եկամուտը կազմել է 62 միլիոն 888 հազար 230 դրամ։ 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը հայտարարագիրը ներկայացրել է 2019 թվականի փետրվարի 13-ին։ Ըստ հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները կազմել են 101 միլիոն 235 հազար դրամ, 400 հազար 530 ԱՄՆ դոլար, 100 հազար 540 եվրո և 1 միլիոն 69 հազար ռուսական ռուբլի։ Էդուարդ Բաբայանի եկամուտը կազմում է 370 հազար 660 դրամ։ Պատգամավորի ներկայացրած հայտարարագրի տվյալներով՝ նա ունի նաև բնակարաններ, ավտոտնակներ և հողամաս։ 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը իր ունեցվածքով զբաղեցնում է 4-րդ տեղը։ Պատգամավորն իր հայտարարագիրը ներկայացրել է 2019 թվականի փետրվարի 10-ին։ Ըստ հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները կազմում են 150 միլիոն դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար և 130 հազար եվրո։ Եկամուտների վերաբերյալ տվյալներ նշված չեն։ 

Ամենահարուստ պատգամավորների հնգյակը եզրափակում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Պատգամավորը հայտրարարագիրը ներկայացրել է 2019 թվականի փետրվարի 15-ին։ Ըստ հայտարարագրի տվյալների՝ նրա դրամական միջոցները կազմել են 103 միլիոն դրամ և 230 հազար ԱՄՆ դոլար։ Հայտարարագրում եկամուտների վերաբերյալ տվյալներ նշված չեն։

քաղաքական