Հաղարծին վանքում սկսվել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացման արարողությունը:

Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 եւ աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ: Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ եւ գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է՝ Տավուշի մարզպետարանը:

Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադանը, ՄԱԶԾ-ի (UNDP) մշտական ներկայացուցիչ  Դմիտրի Մարիյասինը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, այլ պաշտոնյաներ եւ հյուրեր:

«Շատ ուրախ եմ այս միջոցառման համար: Այն առանձնահատուկ եւ համապատասխան է Տավուշին՝ միջավայրին, որտեղ մենք ապրում ենք: Բնությունը շատ շռայլ է եղել՝ տալով մեզ այսպիսի հրաշք: 10 օր Տավուշում պետք է թեւածի արվեստը: Մենք պետք է հատկապես արվեստի միջոցով շփվենք աշխարհի հետ»,- ողջույնի խոսքում ասաց Հայկ Չոբանյանը:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորեց «Տավուշն աշխարհի աչքերով» նախաձեռնության համար, եւ իր խոսքում նշեց, որ Տավուշն աշխարհի աչքերում էլ կարող է լինել, ոչ միայն տեսնելու, այլ նաեւ կրելու:

Այնուհետեւ մասնակիցները՝ յուրաքանչյուրն իր երկրի դրոշով, Հաղարծին վանական համալիրից քայլեցին դեպի «Վանատուն» հյուրանոց, որտեղ բնակվելու եւ ստեղծագործելու են 10 օր: