Սկզբից մարդուն ձերբակալում են, հետո մտածում՝ ինչ մեղադրանք առաջադրեն․ Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց․ «Մենք գտնվում ենք շատ հետաքրքիր ժամանակահատվածում, որովհետև բավական մեծ խտության զարգացումներ են տեղի ունենում, և դրանց մեծ մասն ունի իրավական լուրջ բաղադրիչ»:

Նախկին ՄԻՊ-ի կարծիքով՝ սա աննախադեպ գործընթաց է, քանի որ կկիրառվի սահմանադրության այն հոդվածը, որը նախատեսում է իմպիչմենտի՝ պաշտոնանկության գործընթաց, և շատ կարևոր է, որպեսզի հանրությունը պատկերացում ունենա, թե ինչի մասին է խոսքը, և ինչպիսի վտանգներ կան այստեղ․ «Գործ ունենք մի գործընթացի հետ, որը սկսվել է մայիսի 20-ին՝ դատարանների շրջափակմամբ, հուլիսի 20-ին, երբ ինքնահռչակումը տեղի ունեցավ:

Սա գործընթաց է, որի վերջնանպատակը դատական իշխանության նկատմամբ՝ ընդհանրապես, ՍԴ նկատմամբ՝ հատկապես ու մասնավորապես, գործող քաղաքական ուժի վերահսկողությունը տարածելն է: Այս գործընթացում բազմաթիվ երևացող ու չերևացող գործիքներ են կիրառվել, և այդ գործիքները մինչ այս պահը օգուտ չեն տվել: Իշխանությունը գնում է սահմանադրությամբ նախատեսված մի ֆորմալ գործընթացի, որն ունի բովանդակություն, բայց բովանդակությունը մոռանում է քաղաքական իշխանությունը և խոսում է ձևի մասին»,- մեկնաբանեց Մելիքյանը:

Վերջինս նշեց՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ երբ թույլ է տրվում էական կարգապահական խախտում, հնարավոր է, որ ԱԺ-ն սկսի ՍԴ դատավորի պաշտոնանկության գործընթաց, բայց ԱԺ մեծամասնությունը, այդ գործընթացը նախաձեռնելով, հիմքերը չի ներկայացրել:

«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ սկզբից մարդուն ձերբակալում են, հետո նոր մտածում, թե ինչպիսի մեղադրանք առաջադրեն: Հիմա գործընթացը սկսել են, հետո պետք է հանրությանը ներկայացնեն, թե ինչ հիմքեր կան այդ գործընթացը սկսելու»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։