Հնարավոր է՝ Փաշինյանն էլ դիմի Վճռաբեկ դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման համար․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չի բացառում, որ ինչ-որ փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համար։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նախկին զինվորական դատախազ, Մարտի 1-ի գործով դատապարտված Գագիկ Ջհանգիրյանի արդարացման վճռին, որը հրապարակվել է երեկ՝ ասելով․ «Կարծում եմ, որ դա շատ կարևոր իրադարձություն է եղել։ Այդ արդարությունը պետք է շարունակական լինի։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել մարդկանց հետ թե նախկին իշխանությունները, թե կից գործող դատական համակարգը։ Եվ սա շատ լավ օրինակ կհանդիսանա»։

Խոսնակը նշեց, որ վարչապետն այս հարցում «հետ քաշված» է և սպասում է, որ այլ օրինակներ լինեն, որպեսզի որևէ ճնշում չդիտարկվի նրա քայլը։ «Ինքը վերջում կամ ինչ-որ փուլում կմիանա»,- ասաց նա։

Հարցին՝ ստացվում է, որ ով իշխանության է գալիս, նա արդարացվու՞մ է, վարչապետի խոսնակը պատասխանեց հարցով․ «Իսկ դուք կարծում եք, որ Ջհանգիրյանին այն ժամանակ ճի՞շտ էին մեղադրում»։