Զոհված զինծառայողների մայրերը խնդրում են իրենց չկապել քաղաքական ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

Եթե մինչեւ օրվա վերջ կառավարությունը չպատասխանի մեր դիմումին, նստացույցն ու հացադուլը շարունակվելու է։ Ես մինչեւ վերջ այստեղ եմ լինելու, գիշերն էլ եմ այստեղ նստելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, որը կառավարության մուտքի դռան մոտ նստացույց եւ հացադուլ է հայտարարել։

«Ես համոզվեցի, որ բանակում չծառայած կառավաությունը չի կարող բանակի գինը իմանա, զոհված զինվորի գինն  իմանալ»,–նշեց նա։

Զոհված զինծառայողների մայրերից մեկը շեշտեց՝ «իրենք են անկախության հիմնաքարը, իրենք ենք երկրի տերերը»։

Զոհված զինծառայողների մայրերը խնդրեցին իրենց չկապել որեւէ քաղաքական ուժի հետ». «Մեզ չկապեք ոչ քոչարյանականների, ոչ սերժականաների, ոչ նիկոլականների հետ, մենք պատասխանն ենք ուզում, եթե Մարտի 1-ը հրահրողներին, խանութ թալանողներին կարելի է 30 մլն տալ, ապա կարելի է տալ նաեւ զոհվածների եւ ազատամարտիկների ընտանիքներին»։

Զոհված զինծառայողների մայրերից մեկը դժգոհեց՝ հեղափոխությունից առաջ  պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իրեն ընդունել եւ լսել է, սակայն հեղափոխությունից հետո Դավիթ Տոնոյանը չի ընդունում. «Ես 8 ամիս շարունակ  դիմել եմ Դավիթ Տոնոյանին, որ ինձ ընդունի, բայց առ այսօր ոչ մի պատասխան, ես այսօր ապրում եմ վարձով, բազմազավակ մայր եմ, 30 հազար դրամ թոշակ են նշանակել, դրանով առնվազն իմ տղային ծաղիկներ եմ տանում։ Իրենք ինչ էլ անեն, մեր տղաներին հետ չեն կարող տալ, պետք է գան, օգնեն, թեւ ու թիկունք լինեն, որ մեր ցավն ու վիշտը որոշ չափով թեթեւացնեին»։

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը շեշտեց՝ եթե կառավարությունը գումարի խնդիր չունի, ինչպես վարչապետը հայտարարում է, ինչու իրենց դիմումը չեն բավարարում.

«Մենք մատնացույց չենք անում Մարտի 1-ի զոհերին, նրանց ընտանիքներին 30 էլ չէ, 300 էլ տան, էլի քիչ է, քանի որ նրանց զավակները հայի ձեռքով են գնացել, սակայն եթե Վանաձորում վարչապետը հայտարարում է, որ բյուջեում գումարի խնդիր չկա, պետք է մեզ էլ գումար տան, սակայն մեր այս ցասումը սկսվեց նրանից, որ 4 նամակ ենք գրել, անպատասխան ենք մնացել, արժանապատվության խնդիր է»։

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամները փորձեցին իրենց հարցերն ուղղել Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որը փորձում էր ներս մտնել կառավարության մուտքից, որտեղ նստացույց է անում Մարգարիտա Խաչատրյանը։ Պապիկյանը նշեց, որ ծանոթ չէ խնդրին։  Զոհված զինծառայողների ընտանիքի անդամները խնդրեցին նախարարին փոխանցել վարչապետին, որ իջնի, լսի իրենց։