Շրջակա միջավայրի փոխնախարարը մասնակցել է «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» նիստին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը Չինաստանի Սիան քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական ֆորումի «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» էկոլոգիական նիստին։

Նիստին ներկա էին մի շարք երկրների բարձրաստիճան հյուրեր (Մոլդովա, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Չինաստան, Ռուսաստան, Մոնղոլիա եւ այլն)։

Էկոլոգիական նիստում քննարկվել են մթնոլորտային աղտոտվածության կանխարգելման, օդի մոնիթորինգի, էկոքաղաքների եւ կանաչ տրանսպորտին վերաբերող հարցերը եւ դրանց շուրջ համագործակցության զարգացման խթանման հեռանկարները։

Նիստի բացման ելույթի ժամանակ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում օդի որակի եւ մոնիթորինգի համակարգի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Իրինա Ղափլանյանը հանդիպել է Չինաստանի ժողովրդական հանրապետության էկոլոգիայի եւ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ժաո Յիմինգին եւ քննարկել 2019 թվականի ապրիլին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կնքված համագործակցության հուշագրով ամրագրված փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ արվող քայլերը։ Անդրադարձ է եղել նաեւ երկու պետությունների միջեւ էկոտուրիզմի ոլորտում համագործակցության, անտառվերականգնման, օդի մոնիթորինգի համակարգի բարելավման հարցերին։

Սիանի քաղաքապետի տեղակալ Մա Սիանպինգի հետ փոխնախարարը քննարկել է օդի որակի բարելավման եւ էկոքաղաքների ստեղծման ոլորտներում Հայաստանի քաղաքների հետ հնարավոր համագործակցության հեռանկարը։