Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 20, 24News

զոհրաբ մնացականյան564

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին  ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Ողջունելով լիբանանյան պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատանքով արձանագրեց, որ Հայաստանը և Լիբանանը միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Երկուստեք ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսության պահպանման, փոխգործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող օրակարգի առավել ամրապնդման և հարստացման ուղղությամբ: Այս առնչությամբ զրուցակիցները մեծապես կարևորեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները, որի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանության, քաղաքական, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներն ուղենշելու համար: 

Փոխադարձաբար բարձր գնահատվեց Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրների և ժողովուրդների միջև կամրջող օղակ և հայ ինքնության պահպանման առաջամարտիկներ: 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ պայմանավորված Մերձավոր Արևելքում պատմական կապերով և հայկական ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադիր հետևում է տարածաշրջանի գործընթացներին։

Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Լիբանանում խաղաղապահ և տարածաշրջանում հումանիտար առաքելություններին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news