Անկախության շնորհիվ նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում․ Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 21, 24News

հրայր թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը ոչ միայն Անկախության օրն է, այլև հայի անկոտրում ոգու, ազգային միասնության, հզոր կամքի դրսևորման խորհրդանիշը:

Դարեր շարունակ, չունենալով պետականություն, մենք չենք կորցրել ազգային ինքնությունն ու արժեքները և այսօր աշխարհին ներկայանում ենք մեր ուրույն մշակույթով և հարուստ ավանդույթներով:

Հայաստանի Հանրապետության քսանութ տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ և նվաճել հաղթանակներ հանրային կյանքի տարբեր ոլորտներում: Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում՝ երաշխավորելով Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների և ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում։

Սիրելի՛ բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն մեր երկրին, իսկ յուրաքանչյուր քաղաքացու՝ մեծ ուրախություն և բազում հաջողություններ»: