Կարող էինք Անկախության հռչակագրով բավարարվել, բայց հանրաքվե անցկացրինք․ Արամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Հայաստանի անկախության հռչակագիրն ընթերցած, ԱԺ  նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանն իր անկախությանը հասավ ավելի ամուր, հիմնարար, իրավաբանական ճանապարհով՝ հանրաքվեով, ժողովրդի, բոլորի մասնակցությամբ:  Մանուկյանը այս մասին ասաց  Գյումրիում լրագրողների հետ զրույցում:

«Անկախությունը ճանապարհ է դեպի ազատություն: Երջանիկ են այն ժողովուրդները, որոնք  բոլորի մասնակցությամբ են դառնում ազատ, այդ առումով մենք երջանիկ ենք, տարբերվում ենք հետխորհրդային բոլոր երկրներից: Միայն Հայաստանը հանրաքվե արեց, մենք կարող էինք օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով բավարարվել, Գերագույն խորհուրդն արդեն հռչակել էր անկախության գործընթացը, բայց մենք գնացինք, հիմնարար, ավելի երկար, իրավաբանական, ավելի ամուր ճանապարհով՝ հանրաքվե արեցինք: Պատմության մեջ միակ դեպքը, երբ ամբողջ ժողովուրդը կերտեց իր ապագան, իր ճակատագիրը: 2 մլն 42 հազար մարդ՝ գրագետ հասուն քաղաքացի եկավ իր երկրի ճակատագրի համար որոշում կայացրեց: Այս առումով հայ ժողովուրդն այն քիչ ազգերից է, որ իր քաղաքացիների միջոցով որոշեց իր ճակատագիրը»,-ասաց Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ՝ ինքը տարվա մեջ երկու անգամ է հարցազրույց տալիս, մեկը՝ օգոստոսին 23-ին, երբ կարդացել է հռչակագիրը և սեպտեմբերի 21-ին, երբ կարդացել է Գերագույն խորհրդի որոշումը:

«Ցանկանում եմ մի 30 տարի էլ ներկայացնել, թե ինչ եմ զգացել այդ ժամանակ. Հպարտություն, պարտք, ոգեղեն լից, որովհետև ես իրականացրել եմ իմ բոլոր զոհված ընկերների, իմ նախնիների երազանքը: 600 տարի պայքար են տվել, որ հասնեն անկախության ու չեն հասել: Եվ դու հասարակ մի մարդ այդ բախտին ես արժանացել, ինչ զգացում պիտի ունենաս: Բառերն աղքատ են ներկայացնելու համար այն, ինչ դու զգում ես»,-ասաց նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news