Ավինյանն Ուրբասեր ընկերության հետ քննարկել է բիզնես միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Տնտեսական

Սեպտեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է իսպանական Ուրբասեր ընկերության կառավարման խորհրդի անդամ, ֆրանսիական «Électricité de France» ընկերության նախկին գործադիր տնօրեն Անրի Պրոգլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը անդրադարձել է վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական և տնտեսական հիմնարար փոփոխություններին և բարեփոխումներին, տնտեսական աճի տեմպին, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների հետ կառավարության կողմից տարվող աշխատանքին:

Ուրբասերի միջազգային բիզնեսի ղեկավար Ռամոն Ռեբուելտան ներկայացրել է ընկերության գործունեության ոլորտները՝ նշելով, որ բացի Իսպանիայից իրենք աշխատում են աշխարհի 22 երկրում։ Անրի Պրոգլյոն ասել է, որ հետաքրքված են հայկական շուկա մուտք գործելու հնարավորությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են աղբահանության և թափոնների կառավարման, տրանսպորտի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության  հեռանկարները։