Reuters. «ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրություն չունի»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

.

Հանրահայտ «Reuters» լրատվական գործակալությունն անդրադարձել է այս պահին ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությանը:

«Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը գնելու համար ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրություն չունի»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ գրել է բրիտանական գործակալությունը: Հոդվածում հղում է արվել նաև մի անանուն թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, ով ասել է, որ այնպիսի տպավորություն չունի, թե ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել:

«Թրամփը հասկացել է, թե ինչու ենք մենք ստիպված եղել (նկատի ունի, որ Օբամայի օրոք ԱՄՆ ղեկավարությունը հրաժարվել է Թուրքիային վաճառել ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերը-խմբ.) գնել ռուսական S-400-ները»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ ավելացնելով, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի նախագահն ավելի ըմբռնումով է մոտենում Անկարայի դիրքորոշմանը:  

Անվան գաղտնիության պայմանով հարցազրույց տված թուրք պաշտոնյայի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը կհակասի նաև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու մասին 2 երկրների վերջին պայմանավորվածությանը:

Հոդվածում նշվում է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը Թրամփի կառավարության սեղանին է դրել Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթը, սակայն նախագահն այդ հարցով այդպես էլ որոշում չի կայացրել:

«Հայտնի է, որ Թրամփը խուսափում է Թուրքիայի նկատմամբ CAATSA օրենքով (պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) պատժամիջոցներ կիրառելուց: Սակայն ԱՄՆ-ի նախագահը, այնուամենայնիվ, հավանություն էր տվել F-35 կործանիչների արտադրության նախագծին Թուրքիայի մասնակցության կասեցմանը»,- ասվում է հոդվածում:

Վերջում մեջբերվում է անվտանգության փորձագետ Աբդուլլահ Աղարի միտքն առ այն, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք հնարավոր նոր պատժամիջոցը Անկարային մի քայլով ևս կմոտեցնի Ռուսաստանին ու նոր դաշինքներ ստեղծելու պատճառ կդառնա: