Ծեծված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ վերականգնվելու հույսերը քիչ են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հասարակություն

«Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մուրացան» զինվորական հոսպիտալի պետի` բուժգծով տեղակալ Կարեն Գրիգորյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ փոխգնդապետը հոսպիտալ է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, արյունազեղման բավականին մեծ օջախով և ուղեղի աջ կիսագնդի տեղաշարժով` անգիտակից վիճակում։ Վերականգնվելու հույսերը, ըստ բժշկի, շատ քիչ են:

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, ընթանում է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը և ՀՀ ԶՈՒ սպաներ։ Տեղի ունեցածի արդյունքում փոխգնդապետ Արա Մխիթարյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, իսկ Գրիգորյանը ձերբակալվել է։ Ըստ  լրատվամիջոցների, ծեծկռտուքին մասնակցել է նաև Տրդատ Սարգսյանը, սակայն վերջինս կտրականապես հերքել էր այդ լուրերը։