Մարտի 1-ի գործի շրջանակում ի՞նչ ցուցմունք է տվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հայկ

Ստորև ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված  ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքից հատված, որը օրաթերթը հրապարակել է 2019 թվականի մայիսի 1-ին։  

Նշենք, որ այսօր Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:

ՀԱՐՑ. Ինչպես արդեն հաջորդ հարցադրումներում նշվեց, թիվ 0038 հույժ գաղտնի հրամանով ստեղծվել է Երեւանի կայազորի վարչակազմ, որն իր գործունեությունը ի սկզբանե ծավալել է ՊՆ գլխավոր շտաբում, որից հետո տեղափոխվել է ՀՀ կառավարության շենք: Առաջարկում ենք հայտնել` ՀՀ ոստիկանության կողմից որեւէ պաշտոնատար անձ մասնակցել է կայազորի վարչակազմի խորհրդակցություններին, թե ոչ: Եթե այո, ապա ո՞րն էր հիշյալ խորհրդակցություններին ՀՀ ոստիկանության ներկայացուցչին հրավիրելու անհրաժեշտությունն ու նպատակը, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվել խորհրդակցության ընթացքում, ի՞նչ որոշումներ են կայացվել, ի՞նչ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանությանը:
 

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարողանում մտաբերել նման դեպք, սակայն չեմ էլ բացառում: Հիշում եմ, որ Սերժ Սարգսյանը զանգահարել է ինձ եւ ասել, որ հասարակական կարգի պահպանությունը համակարգելու եւ կոորդինացնելու է Յուրի Խաչատուրովը, եւ հնարավոր է, որ ոստիկանությունից որեւէ պաշտոնատար անձ մասնակցած լինի կայազորի աշխատանքներին:

ՀԱՐՑ. ՀՀ ոստիկանության կողմից 2008 թվականի մինչեւ մարտի 1-ին Ազատության հրապարակում կատարված տեղզննումը, դրանից առաջ քանի՞ անգամ են նույն վայրում կատարվել տեղանքի զննում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ մարտի 1-ը տեղազննումներ Ազատության հրապարակում իրականացվել են, եւ դրանք անցել են հանգիստ, որեւէ բախում կամ դժգոհություն տեղի չի ունեցել: Եվ ինչքան հիշում եմ, մինչեւ մարտի 1-ը Ազատության հրապարակում կատարված տեղազննությամբ ինչ-որ արգելված բաներ գտել էին: Ներկայումս հստակ չեմ հիշում, այդ ամենը կարող եք պարզել օպերատիվ հաղորդագրություններն ուսումնասիրելով: Դրա համար մարտի 1-ի առավոտյան կատարված տեղազննության համար որեւէ մտավախություն չի եղել, որ կարող է բախում լինել: Անգամ հիշում եմ, որ սկզբում ցանկանում էինք շներն էլ օգտագործել պայթուցիկ նյութեր հայտնաբերելու համար, սակայն հետո հրաժարվեցինք այդ գաղափարից` մտածելով, որ շների առկայությունը կարող է բացասական ազդեցություն ունենա եւ անտեղի լարվածություն ստեղծի, ուստի հրաժարվեցինք դրանից:

ՀԱՐՑ. Դուք նշեցիք, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղանքի զննման կատարումը հանձնարարել եք օպերատիվ բլոկին` Արմեն Երիցյանի ղեկավարությամբ: Առաջարկում եմ հայտնել, թե նշված միջոցառումը իրականացնելուց առաջ ոստիկանության որ ստորաբաժանումներից է գրավոր տեսքով օպերատիվ տեղեկություններ ստացվել` Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման վերաբերյալ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես արդեն նշեցի, նման տեղեկատվություն առաջին անգամ ստացել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանից: Ստացել եմ նաեւ պաշտոնական նամակ այդ մասին, որը մակագրել եմ Արմեն Երիցյանին: Իսկ ինչ վերաբերում է ոստիկանության ստորաբաժանումներից զենք-զինամթերքի կուտակման մասին տեղեկություններ ստանալու հանգամանքին, ապա ԱԱԾ-ից ինֆորմացիան ստանալուց հետո դրա իսկությունը ստուգելու հանձնարարությունը տվել եմ Արմեն Երիցյանին, եւ վերջինս ինձ բանավոր զեկուցել է, որ նման ինֆորմացիան իրատեսական է, եւ այն պետք է տեղում ստուգել, որն էլ մեր կողմից կատարվել է:

ՀԱՐՑ. Տեղանքի հետազոտում ՕՀՄ-ն իրականացնելու համար որոշում կայացվե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞ւմ կողմից է նման որոշում կայացվել:

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող ասել, չեմ հիշում, բայց կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չի եղել նման որոշում կայացնելու համար: Իմ կողմից որոշում էր կայացվել տեղանքի հետազոտում իրականացնելուց առաջ շրջափակել Թատերական հրապարակը եւ թողնել մեր կողմից վերահսկվող դուրս գալու ելքեր, որպեսզի ժողովուրդը դուրս գար, եւ մենք տեղազննումը իրականացնեինք, իսկ դուրս գալու ճանապարհները պետք է հսկվեր, որպեսզի կանտրոլի տակ պահեինք զենքով դուրս եկող անձանց:

ՀԱՐՑ. Առաջարկում ենք հայտնել` 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում կատարված տեղանքի հետազոտում ՕՀՄ-Ն որ ժամին է սկսել, եւ միջոցառումն սկսելուց առաջ նստացույցի մասնակիցներին կատարվող միջոցառման մասին զգուշացվել է, թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ հանձնարարությամբ միջացառումը պետք է սկսվեր 07:00-ին, սակայն արդեն իրավիճակից ելնելով` մոտ 10-15 րոպե շուտ են որոշել սկսել, քանի որ, ըստ Աֆյանի խոսքերի, իրենց շուտ են նկատել, ուստի չեն սպասել տարածքը շրջափակող ուժերին եւ մտել են հրապարակ: Տեղում Աֆյան Սաշիկը հայտնել է այցի նպատակի մասին, սակայն դրան հաջորդել է ծեծկռտուքը:

ՀԱՐՑ. Դուք նշեցիք, որ մինչեւ 01.03.2008 թ. ոստիկանությունը կարողացել է անարգել մտնել Ազատության հրապարակ եւ տեղում տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ, սակայն այդ օրը` 01.03.2008, նշված հրապարակում ժողովուրդը ագրեսիվ էր տրամադրված: Հայտնեք, թե ինչ ագրեսիվություն կարող էր ունենալ ժամը 06-ի սահմաններում դրսում գիշերած անձը, այն էլ` արդեն մի քանի օր անընդմեջ: Եթե օպերատիվ տվյալներ կային հրապարակում զենք-զինամթերքի կուտակման մասին, ապա ինչո՞ւ են ոստիկանության ստորաբաժանումները հրապարակ գնացել առանց որեւէ զինվածության: Հատկանշական է, որ այդ ժամանակ ոստիկանության հետ տեղի ունեցած բախման ժամանակ որեւէ հրազեն հարապարակում գտնվող մարդկանց կողմից չի կիրառվել: Ինչպե՞ս կպարզաբանեք այդ հանգամանքը:

ՊԱՏԱՍԱԽԱՆ. Տեղատեսություն կատարող խմբին զինելու որեւէ կարիք չկար, որ եթե նրանք զինվեին հատուկ միջոցներով, ապա չէին կարող տեղազննում իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է ցուցարարների կողմից հնարավոր զենք կիրառելու մտավախությանը, ապա ես չեմ կարծել, որ նրանք կարող են զենք կիրառել: Կիրառելու դեպքում նրանց պլանները վաղաժամ կձախողվեին: Բացի այդ, մենք միջոցառման ժամանակ ունեինք պահեստային զինված խումբ, որը անհրաժեշտության դեպքում մեկնելու էր Ազատության հրապարակ, սակայն դրա կարիքը չի եղել: Իսկ եթե զենք չկար նրանց մոտ, ապա ինչո՞ւ ցուցարարները գնացին բախման, ինչ-որ բա՞ն էին թաքցնում:

ՀԱՐՑ. Դուք նշեցիք, որ ոստիկանությունը նպատակ է ունեցել կատարելու միմիայն տեղազննություն եւ որեւէ նպատակ չի ունեցել ցրելու հանրահավաքը, սակայն տեղազննություն կատարելու համար էլ հարկավոր էր, որպեսզի հավաքված ժողովուրդը տարածքն ազատեր, որպեսզի հնարավոր լիներ կատարելու տեղազննություն: Տեղազննությունը սկսելու ժամանակ բախում եղավ ժողովրդի եւ ոստիկանների միջեւ, իսկ պատճառն այն է, որ ժողովուրդը դուրս չէր գալիս տարածքից, որպեսզի ոստիկանները կատարեին տեղազննությունը: Հայտնեք, թե ինչ տրամաբանությամբ ու անհրաժեշտությամբ պահանջ դրվեց հավաքված ժողովրդին հանել հրապարակի տարածքից եւ նոր կատարել զննություն, ինչու այն չկատարվեց ոստիկանության մի քանի փոքրաթիվ խմբերով, որոնք կշրջեին հրապարակում եւ հետաքրքրող իրեր կամ առարկաներ հայտնաբերելու դեպքում կարձանագրեին, առավելեւս` Դուք էլ եք հաստատում, որ ոստիկանությունը մինչ այդ անարգել մտել ու շրջել է ցուցարարների մեջ եւ եթե այդ գործողությունների ընթացքում քաղաքացիները դիմադրեին կամ խոչընդոտեին, նոր հնարավոր կլիներ մտածել այլ տարբերակների մասին, մինչդեռ Դուք, դեռ չպարզած այն, որ քաղաքացիները դիմադրություն ցուցաբերելու են, թե օժանդակելու են Ձեզ, արդեն իսկ տրամադրված էինք հասարակական կարգի խախտմանը հակազդելու, այսինքն` վստահ էիք, որ հասարակական կարգը խախտվելու էր:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես արդեն նշել եմ, որ ոստիկանության կողմից ի սկզբանե ասվել է, որ պետք է տեղազննում իրականացվի, եւ խնդրել ենք տարածքը ազատել դրա համար: Իմ հանձնարարությունն է եղել, որպեսզի տեղազննության ժամանակ ցուցարարներից մի քանի հոգի ներկա գտնվեն այդ ամենին, սակայն ի սկզբանե բախում է եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, որից հետո ցուցարարները դուրս են բերվել հրապարակից: Իսկ ինչ վերաբերում է փոքրաթիվ խմբերով առանց ցուցարարներին դուրս բերելու տեղատեսություն կատարելուն, ապա նման եղանակով տեղատեսության իմաստը կկորեր: Եւ ցուցարարները պատրաստ էին օժանդակելու ոստիկաններին, ապա ի սկզբանե նրանք կգնային ոստիկանների հետ համագործակցության, կօժանդակեին մեզ եւ դուրս կգային հրապարակից` թողնելով իրենց մի քանի հոգի ներկայացուցիչներին, ովքեր կմասնակցեին տեղատեսությանը: Բացի այդ, ես չեմ ասում, որ բոլոր ցուցարարներն էին ագրեսիվ, սակայն եղել են ագրեսիվ մասսաներ, ովքեր բախում են հրահրել, եւ ցուցարարների դուրս բերումը եղել է իրենց անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ստացված ինֆորմացիան եղել է, որ հրապարակում պայթուցիկ նյութեր էլ են եղել:

ՀԱՐՑ. «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը նախատեսում է շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների հետազոտում, այլ ոչ թե զննություն: Հետազոտելը ավելի սահմանափակ հնարավորություն է տալիս այն կատարող անձին, քան թե զննությունը. այն իրենից ներկայացնում է զուտ տեղանքի ուսումնասիրություն, ինչն էլ, ըստ ոստիկանության ՔՀԳՎ ԵՔՎ եւ ԿՀԴՊԳՎ-ի համապատասխան աշխատակիցների կողմից մինչեւ այդ ներկայացված զեկուցագրերի ու տեղեկությունների, արդեն իսկ կատարվել էր ինչպես գործակալական ցանցի, այնպես էլ աշխատակիցների կողմից` արձանագրելով, որ տարածքում կա զենք-զինամթերք, այսինքն` արդեն իսկ տարածքը հետազոտվել է, ու արձանագրվել էր հետաքրքրող լրացուցիչ տեղանքի ուսումնասիրումը: Ինչո՞ւ այլ միջացառումներ չեն կատարվել, այդ թվում` ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, եւ այդ գործի շրջանակներում չեն իրականացվել անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Օպերատիվ ճանապարհով ստացված տվյալները բավարար չեն քրեական գործ հարուցելու համար: Ես չգիտեմ` ինչ զեկուցագրերի մասին եք ասում: Ես արդեն իսկ նշել եմ, որ Ազգային անվտանգությունից ստացված ինֆորմացիայի իրատեսական լինելը մեր գործակալական ցանցի միջոցով ստուգելու համար հանձնարարել եմ Արմեն Երիցյանին, ով ինձ բանավոր զեկուցել է, որ նման ինֆորմացիա կա, սակայն կոնկրետ դեպք չի եղել: Պարզ չի եղել` ով, որտեղից, երբ, ինչպես, ինչ եղանակով, միայն ունեցել ենք ինֆորմացիա զենք-զինամթերքի կուտակման մասին, ուստի եւ իմ կողմից բանավոր որոշում է կայացվել` հետազոտում իրականացնելու մասին: Իսկ հապաղել չէր կարելի, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ մարտի 1-ին ժողովուրդը իրեն տանելու է Բաղրամյան 26, ինքը ընտրված նախագահ է, եւ ենթադրվում էր, որ կարող է սպասվել ինչ-որ սադրանք: Ցանկանում եմ նաեւ նշել, որ հավաքն ու երթն արտոնված չէր, որի մասին բազմիցս ոստիկանությունը զգուշացրել էր բարձրախոսներով, ուստի ոստիկանությունը արդեն իսկ իրավունք ուներ ցրել ցույցը, սակայն ոստիկանությունը նման քայլի չի դիմել: Բացի այդ, ցույցը ցրելու անհրաժեշտություն անգամ չկար, քանի որ գնալով հանրահավաքի մասնակիցները քչանում էին. հետազոտումն իրականացնելու ժամանակ հրապարակում եղել են 700-800 ցուցարարներ: Բացի այդ, հրապարակի հարակից շենքերի բնակիչներից բողոքներ ունեինք, որ խանգարում են իրենց անդորրը: Նաեւ մեկ բան ավելացնեմ. եթե մեր նպատակն է եղել ցրել ցույցերը, ապա ինչո՞ւ էին միջացառումն իրականացնելուց հետո կրկին առաջարկում, որ իրենց ցույցը շարունակեն Մատենադարանի մոտ. նման դեպքում ցույցը կրկին կցրեինք էլի:

ՀԱՐՑ. Ոստիկանության կողմից տրամադրված պարզաբանումների համաձայն` բուն տեղանքի հետազոտությունը հանձնարարված է եղել 133 ոստիկանության ծառայողների: Բացի հիշյալ 133 աշխատակիցներից Ազատության հրապարակի հարակից տարածքներում տեղակայված են եղել ոստիկանության 602 ծառայող եւ ոստիկանության զորքերի 300 կամ 400 ծառայող: Միասին ոստիկանության ծառայողների քանակը կազմել է 902-ից 1002, մինչդեռ ցուցարարների քանակն այդ պահին, ըստ ոստիկանության պարզաբանումների, եղել է 800-ից 900 հոգի, իսկ այլ աղբյուրների համաձայն` ոչ ավել, քան 400 հոգի, այսինքն` ակնհայտ չէ, որ ոստիկանության ուժերի քանակը տեղանքի հետազոտություն կատարելու, թեկուզ նաեւ այդ ընթացքում հասարակական կարգի խախտման դեպքերին արձանագրելու համար եղել է ակնհայտորեն գերազանցող: Տեղին է նաեւ նշել, որ զենք-զինամթերքի կուտակման վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկության պայմաններում տեղանքի հետազոտություն կատարելուն մասնակցող ոստիկանական ուժերը եղել են անզեն, որը նաեւ Դուք եք հաստատել Ձեր նախորդ ցուցմունքով, մինչդեռ ստացված օպերատիվ տվյալների պայմաններում հավանական է եւ իրատեսական է եղել ռազմամթերք կուտակող անհայտ անձանց կողմից կիրառման վտանգը: Հատկանշական է նաեւ, որ արդեն Ազատության հրապարակում ցուցարարների հետ բախման ժամանակ ոչ մի կրակոց կամ պայթյուն չի եղել:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոստիկանության քանակի մասին կարող եմ ասել, որ ոստիկանության քանակը կապված է եղել շրջափակվող տարածքի մեծությունից: Ինչպես արդեն նշել եմ, պետք է շրջափակվեր Թատերական հրապարակի ողջ տարածքը շառավիղով, իսկ թե կոնկրետ քանի հոգի պետք է իրականացնեին հետազոտումը, այդ հարցին կարող է պատասխանել Սաշա Աֆյանը: Ինչպես նշել եմ, միջոցառման ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ ծառայության գծով Սաշա Աֆյանին, իսկ միջոցառման իրականացումը` Արմեն Երիցյանին, քանի որ 6-րդ վարչությունը պետք է իրականացներ հետազոտություն: