Փաշինյանը, իմ և ձեր հաշվին, իրեն թույլ է տվել վարձել 350.000 դոլարանոց ինքնաթիռ․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի ֆինանսական կողմին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մերօրյա չստացված հեղափոխականները ամբողջ ծավալով վայելում են իշխանության բարիքները, քանի որ իրենց գիտակցական կյանքում երբեք չէին էլ կարող երազել, որ կունենան այդպիսի հնարավորություն։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը, իմ և ձեր հաշվին, իրեն թույլ է տվել վարձել 350.000 դոլարանոց մասնավոր ինքնաթիռ՝ ՀՀ ազգային և պետական շահի հետ առնչություն չունեցող և գրեթե մասնավոր այց հիշեցնող ուղևորության համար։

Հատկանշական է, որ այս ծախսն արվել է միայն իշխանական էլիտայի համար՝ արաբական շեյխերին բնորոշ շռայլությամբ։ Դեռ պարզ չէ, թե որքան է արժեցել սեփական օգտագործման լրագրողների ուղևորությունը՝ օրապահիկ և ճանապարհածախս։

Պատկերացնու՞մ եք, թե այս գումարով որքան ցավացող վերք կարելի էր բուժել, քանի հիվանդ երեխայի բուժում կարելի էր ապահովել, քանի անօթևան ընտանիք կարելի էր ապահովել բնակարանով, և վերջապես, քանի վիրավոր զինվորի բուժում ու վերականգնում կարելի էր ապահովել։

Բայց չէ, թագավորը պետք է արքայավայել կյանք վարի, իսկ նրա երեխաները պետք է ապահովված լինեն բազմամարդ թիկնազորով։

Իրենց կյանքում էկոնոմ դասի տոմսից և լավագույն դեպքում չորս աստղանի հյուրանոցից բացի այլ բան չտեսած մարդիկ այսօր օգտվում են private jet-րից, հանգրվանում են աշխարհի ամենաթանկ հյուրանոցների նախագահական համարներում, շոփինգ են անում նորաձևության ամենաթանկ խանութներից։

Իսկ միջին վիճակագրական Պողոսը շարունակում է ապրել իր թշվառ ու չարքաշ կյանքով, հայթայթել իր օրվա հացը, հոգալ երեխաների ձմեռային կոշիկի ու հագուստի խնդիրը, վճարել թանկարժեք կոմունալ ծառայությունները։

Մի՞թե սա էր <<հեղափոխության>> պահանջը, մի՞թե մի քանի ընտանիքի կյանքի որակի շեշտակի բարձրացման համար էին մեր քաղաքացիները պայքարում, ծեծվում ու բանտարկվում։

Ափսոս, մինչդեռ ինչեր կարելի էր անել այս ընթացքում, ինչ խորությամբ բարեփոխումներ կարելի էր սկսել ու փոխել ոչ միայն Նիկոլի, իր ընտանիքի ու մի քանի այլ ընտանիքների կյանքի որակը, այլ մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակը, նրանց սոցիալական ու ֆիզիկական անվտանգության մակարդակը, Հայաստանի հանրապետության միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում։

Բայց դեռ ուշ չէ, սա մի կարճատև փուլ է և փորձություն է մեր երիտասարդ պետության համար, որից մենք դատապարտված ենք դուրս գալ հնարավորինս արագ, առանց ցնցումների ու առավել ուժեղացած»։