Դավիթ Տոնոյանը՝ Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զերծ մնաց Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու դեպքի վերաբերյալ նախաքննության փուլում որևէ արտահայտություն անելուց: Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշեց, որ իրենք հետևողական են լինելու, որ արդարությունն ապահովված լինի:

«Նախաքննության այս փուլում որևէ արտահայտություն, մասնավորապես, Պաշտպանության նախարարի կողմից, շատ սխալ կլինի: Մենք շատ հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի մինչև վերջ, և դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունն ու ազնվությունը պետք է ապահովված լինի»,- ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը և ՀՀ ԶՈՒ սպաներ։ Տեղի ունեցածի արդյունքում փոխգնդապետ Արա Մխիթարյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, իսկ Գրիգորյանը ձերբակալվել է։ Ըստ  լրատվամիջոցների, ծեծկռտուքին մասնակցել է նաև Տրդատ Սարգսյանը, սակայն վերջինս կտրականապես հերքել էր այդ լուրերը։