ԵՊՀ պատմության ընթացքում չի եղել դեպք, որ նախարարը պրոռեկտոր նշանակի ընկերոջը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակություն

ԵՊՀ դասախոս, լրագրող Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵՊՀ նորանշանակ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի գործունեության որակներին։

«Կեսարի ձին և նախարարի էշը

Վերջին շրջանում ԵՊՀ-ում տեղի ունեցած ամենախայտառակ նշանակումը Միջազգային համագործակցության և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն է։ Այս տղան հայերեն գրում է տառասխալներով, անգլերեն ու ռուսերեն ընդհանրապես չգիտի, ոչինչ չի հասկանում լրատվությունից և PR-ից, ղեկավարում է ԵՊՀ ճապոներենի, կորեերենի և չինարենի կենտրոնները, բայց այդ լեզուներից ոչ մեկը չգիտի, ունի փառահեղ անցյալ. մասնակցել է ՀՀԿ հնարավոր բոլոր քարոզարշավներին, հայտնի է փողով քննության համար «բարեխոսելու» տաղանդով և էլի բազմաթիվ «առավելություններ» ունի, բայց ունի նաև մի բացառիկ «տաղանդ». նա նախարար Արայիկ Հարությունյանի կուրսեցին է։

Այդ տաղանդի շնորհիվ օրենքի խախտմամբ նա նշանակվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ապա դարձավ քարտուղարը։ Առաջին նիստից հետո, մտածելով, որ նոր կադրերին պետք է օգնել, նիստի արձանագրությունը գրելուն ու կազմելուն իրեն օգնեցի, բայց, քանի որ սույն երիտասարդը աներես է և շատ արագ առիթավորվող, երկրորդ նիստից հետո զանգեց ինձ և նիստի սղագրություն ուզեց։ Շատ քաղաքավարի մերժում ստանալուց հետո վերցրեց կայքում դրված նյութը, մեջը երեք նախադասություն ավելացրեց ու ներկայացրեց որպես արձանագրություն։ Բայց քանի որ բացարձակ անգրագետ է, ստիպված եղանք սրբագրել տեքստը, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի արձանագրությունը տառասխալներով չլինի։

Այսպես հասանք օգոստոսին, երբ նախարարի ուղղակի ճնշմամբ Արթուր Իսրայելյանը նշանակվեց պրոռեկտոր։ Նշեմ, որ երբևէ ԵՊՀ 100-ամյա պատմության ընթացքում չի եղել այսպիսի դեպք, որ նախարարը ԵՊՀ-ում պրոռեկտոր նշանակել տա իր ընկերոջը։ Նշանակվելուց հետո պարզվեց, որ սույն երիտասարդը «երևալու» խնդիր ունի. սկսեց պահանջել, որ իր նկարով նյութերը երկար մնան ԵՊՀ կայքի գլխավոր լուրերում, նյութի մեջ ոչ թե երեք անգամ գրվի իր անունը, այլ վեց անգամ, իր մասնակցությամբ տեսանյութը դրվի ամենատեսանելի հատվածում ևն։ Բայց ամենակարևորն այն է, որ Արթուր Իսրայելյանը դարձել է ԵՊՀ գլխավոր գրաքննիչը. բացարձակապես բոլոր նյութերը ուղարկվում են իրեն, և ինքը որոշում է՝ արժե՞, որ տվյալ նյութը դրվի ԵՊՀ կայքում, թե՞ չարժե։ Օրինակ՝ երեկ մեր գրաքննիչը որոշեց, որ ՈւԽ նախագահի, փոխնախագահի և գիտխորհրդի քարտուղարի հանպատրաստից ասուլիսի նյութը «շատ երկար է և միակողմանի» և թույլ չտվեց, որ դրվի։ Բացի դրանից՝ այս տղան մի քիչ բութ է. աշխատանքի առաջին օրվանից զանգում է աշխատողներիս և հանձնարարություններ տալիս, ես ու աշխատողներս, երկու անգամ էլ ռեկտորը ասել ենք, որ դու նման բան անելու իրավունք չունես, բայց քանի որ շատ ուշ է հասկանում, դեռ շարունակում է զանգել, թեև հիմնականում ոչ ոք չի վերցնում հեռախոսը։

Վերջում ուզում եմ հրապարակային ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում մոտ ես երբևէ գովել եմ կամ դրական եմ արտահայտվել Արայիկ Հարությունյանի՝ որպես նախարարի մասին. ներեք ինձ, բարի մարդիկ»,-գրել է Գևորգ Էմին-Տերյանը։