Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է Rizzani de Eccher-ի սեփականատիրոջ հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիա դե Էքերի հետ։

Ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությունը, որը հիմնադրվել է 1831 թվականին, գործունեություն է ծավալում չորս հիմնական ուղղություններով՝ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, սարքավորումների արտադրություն և մասնագիտական ինժեներական լուծումներ:

Այն ոլորտի առաջատարներից է աշխարհում եւ ներկայություն ունի տարբեր երկրներում, այդ թվում ՝ ԱՊՀ երկրներում, Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, միջերկրածովյան ավազանում, Աֆրիկայում, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաներում: Հանդիպմանը շահագրգիռ քննարկում է ծավալվել համագործակցության հնարավորությունների, մասնավորապես շինարարության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր է Rizzani de Eccher ընկերության փորձը, որը հայտնի է շինարարության մեջ բարձրորակ չափանիշների, հետազոտական ու նորարարական ինժեներական լուծումների ներդրմամբ։

Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիա դե Էքերն իր հերթին ասել է, որ իրենք եւս հետաքրքրված են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Խոսվել է նաեւ նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի շրջանակում համագործակցության մասին։

Այս ծրագրով նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ ու համալսարաններ եւ Rizzani de Eccher ևս հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Հայաստան կայցելի ընկերության աշխատանքային խումբը՝ շարունակելու քննարկումները եւ գնահատելու, թե ինչ ծրագրեր է հնարավոր իրականացնել։