Այս հայեցակարգը հայկական ծագում չունի․ ունի կոնկրետ ֆինանսավորող և նպատակ․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

բակո

«ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը ենթարկվում է շատ սուր քննադատության»,- սեպտեմբերի 25-ին «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նկատեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Այս 1,5 տարվա ընթացքում նոր իշխանությունը կարողացավ մշակել կոնկրետ մի ոլորտի զարգացման վերաբերյալ գոնե մի հայեցակարգ։ Սա մեզ պետք է ոգեւորի, որովհետեւ կարծես կառավարությունը սկսեց աշխատել, բայց մենք դժգոհում ենք: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին հրապարակվեց մի փաստաթուղթ, որը շատ չքննարկվեց, չդարձավ քաղաքական ու հանրային քննարկման օրակարգ: Այն վերնագրված էր՝ Հայաստանի վերականգնման հայեցակարգ: Այսինքն, կարծես ավերված է եղել, հիմա պետք է վերականգնվի: Հեղինակներն են Գյումրիի «Ասպարեզ» ակումբ, Վանաձորի Հելսինկյան ասոցիացիա, «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Թրանսփարենսի ինթերնեշնլ»: Եվ իրենք որոշել էին, որ պետք է Հայաստանը վերականգնեն: Եթե հիմա համեմատենք այդ վերականգնման հայեցակարգը եւ այսօր ներկայացվող դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը, ապա դա մեկին մեկ կրկնում են նույն հիմնարար սկզբունքային ելակետային դրույթները»,-ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ մենք կարծես քննարկում ենք մի օրակարգ, որը բացարձակ կապ չունի Հայաստանի պետական շահի հետ. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս հայեցակարգը Հայաստանում չի մշակվել: Սա հայկական ծագում չունի: Սա մշակվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության կողմից կոնկրետ դոնորի ֆինանսավորմամբ, կոնկրետ նպատակով: Այս թեմայով քննարկում ծավալելով, մենք օժանդակում ենք հանրային դիսկուրսի ձեւավորմանը մի օրակարգի շուրջ, որը մեզ հետ կապ չունի, հայկական չէ: Ասել, որ այս հայեցակարգը լավը չի, բավարար չէ, մենք պետք է ինչ-որ բան հակադրենք դրան:

Այսօրվա իշխանությունների մոտ ընկալում իրավունքի մասին, մեղմ ասած, եթե անգամ կա, ապա խեղաթյուրված է: Մենք պետք է կարողանանք իրենց ներկայացնել մի այնպիսի փաստաթուղթ, որը պետք է Հայաստանի համար առաջիկա տասնյակ տարիների համար դառնա հիմնարար փաստաթուղթ, որից ոչ մի իշխանություն չփորձի նույնիսկ շեղվել: Դա խորը պետության կոնցեպտն է: Պետությունը պետք է այնքան խորը եւ կառուցակարգային լինի, որ որեւէ մեկին չհաջողվի փոխել հիմնական հունը»:

Նրա ասելով՝ նաեւ պետք է ունենանք իրավական մատրիցան. խոսքը կայուն, կանխատեսելի օրենսդրության մասին է․ «Այդ փուլերից հետո կարող ենք լծվել դատաիրավական համակարգի հայեցակարգի ձեւավորմանը՝ հիմնված պետական շահերի վրա»: