Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց․ «Սանիթեքի» աշխատողները պահանջում են աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։ Նրանք եկել են քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ուղեկցությամբ։ Վերջինս հայտարարեց, որ մի քանի ժամ է տալիս քաղաքապետին՝ վճարելու աշխատողների գումարները, այլապես փողոց կփակեն, նստացույց կանեն։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը օգոստոսին վճարել է 165 մլն դրամ։

««Սանիթեքը» հայտարարեց, որ իրենց պարտավորությունը աշխատողների հանդեպ 135 մլն դրամ է, այսինքն, մեր փոխանցած գումարն ավելի քան բավարար է, աշխատողներին վճարելու համար։

Քաղաքապետարանը վճարել է այնքան գումար, որքան աշխատանք է կատարել «Սանիթեքը»»,-ասաց Կարապետյանը։ 

«Սանիթեքի» աշխատողները պահանջում են, որ քաղաքապետն անձամբ իջնի ներքև և իրենց պատասխան տա։

«Այս պամպերսը քաղաքապետին կտանենք, թող հագնի, միգուցե համարձակություն ունենա իջնելու»,-հայտարարեց Սոնա Աղեկյանը