ՍԱՏՄ ղեկավարը շրջել է Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 25, 24News

մսի շուկա

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հանրապետության մարզերի մսի շուկաների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսել նաեւ Երեւանի Խորենացի փողոցում (Գում-ի շուկայի հարակից տարածքում) գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն է հսկել ստացված մսի ծագումն ու տեղափոխման պայմանները, ինչպես նաեւ ստուգել մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր շրջել է Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերում, տնտեսավարողներին հորդորել պահպանել մսի եւ ենթամթերքի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության եւ հիգիենիկ բոլոր պահանջները եւ գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար:

«Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն եւ տեղեկատվություն, որպեսզի տնտեսավարողը կարողանա սահմանված ժամկետներում կատարել անցումը սպանդանոցային մսի վաճառքի, ինչպես նաեւ ապահովել մեր բնակչությանը սառնարանային պայմաններում պահվող, անասնաբուժասանիտարական անհրաժեշտ փաստաթղթեր ունեցող, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններում վաճառվող մսով»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Սեպտեմբերի 16-ից Տեսչական մարմնի մասնագետները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Եղել են դեպքեր, երբ սպասարկող անասնաբույժի տրամադրած փաստաթուղթը չի համապատասխանել առկա մսեղիքին:

Բոլոր այն դեպքերում, երբ միսը կասկածելի է համարվել, կատարվել է նմուշառում (67 նմուշ) եւ տրվել անասնաբուժասանիտարական փորձաքննության հենց խորենացու փողոցում տեղակայված շարժական լաբորատորիայում: Արձանագրվել է 4 դեպք, երբ վերցված նմուշները պիտանի չեն եղել սննդի համար. այդ խմբաքանակները ոչնչացվել են: Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ միսը տեղափոխվել է մսի տեղափոխման համար չնախատեսված, սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող մարդատար ավտոմեքենաներով: Այդ մսեղիքը նույնպես ենթարկվել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության:

Մսի շուկայում պարբերական ստուգումները շարունակվելու են, եւ եւս մեկ անգամ տնտեսավարողներին հիշեցնում ենք. միսն ու ենթամթերքն անհրաժեշտ է ստանալ եւ դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում, վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական եւ արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների եւ սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ եւ ստուգիչ սարքերով, սառնարաններով, մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները եւ կրել համապատասխան մաքուր արտահագուստ, իսկ յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը վաճառքի կետերում պարտադիր է:

Հիշեցնում ենք նաեւ, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, եւ 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: