ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զորավարժությանը 4 ստորաբաժանումների կատարած աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ռազմավարական զորավարժության ընթացքում չորս ստորաբաժանումների կատարած աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 25-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են գործնական պարապմունքներ` պաշտպանական մարտի նախապատրաստ­ման թեմայով:

Անձնակազմին են փոխանցվել մարտի նախապատրաստման և վարման ընթացքում առավել ճկուն գործելու և առաջադրված մարտական խնդիրները կատարելու գործնական հմտություններ:

Ռազմավարական զորավարժության  նախորոշված շրջաններում 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումները բացազատել են վերադաս շտաբի և ենթակա ստորաբաժանումների հրամանատարական կետերի հետ շարժական կապի միջոցները, ճշգրտվել են մարտական խնդիրները։

Զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունը,  ռազմավարական զորավարժության ընթացքում օպերատիվ կիրառելով շարժական նավարկային տեղագրական համալիրը և հեռահար զոնդավորման ընդունիչ կայանից ստացված տիեզերալուսանկարները, պատրաստել է ֆոտոսխեմաներ՝ հրթիռային զորքերի և հրետանու ստորաբաժանումների նշանակետերի ճշգրիտ խոցման համար:

Հետախուզական նպատակներով տեղանքի ուսումնասիրման և գնահատման համար ստեղծվել և տպագրվել են օդային հետախուզական տվյալներով ֆոտոպլաններ, ինչպես նաև կատարվել են տեղագրական քարտեզների, քաղաքային պլանների թարմացման և տպագրման աշխատանքներ:

Ռազմավարական զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի հետ անցկացվող հոգեբանական աշխատանքներին:

4-րդ զորամիավորումում սպա-հոգեբանների և բժիշկ-մասնագետների ուժերով բացազատվել են հոգեբանական օգնության կետեր, որտեղ համապատասխան մասնագիտական օգնություն է ցուցաբերվում ինչպես զինծառայողներին, այնպես էլ լրահամալրվող քաղաքացիական անձանց: